13 օգոստոսի 2013 - 20:40 AMT
Տեր Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյան. Վիրահայության առաջ կանգնած հիմնական խնդիրն արտագաղթն է

Վիրահայության առաջ կանգնած հիմնական խնդիրն արտագաղթն է: Այս մասին «Վրաստանի Հայ Համայնք»-ի «Միություն» տեղեկատվական կենտրոնին տված հարցազրույցում ասել է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանը:

«Արտագաղթը համարում եմ հիմնական մարտահրավեր: Երկրորդ մարտահրավերը, որ կա նմանատիպ երկրներում Հայաստանից դուրս, խառնամուսնությունների միջոցով ձուլման վտանգն է, մյուս վտանգը ես տեսնում եմ մեր ժողովրդի կրթվածության պակասելը, դպրոցների մակարդակի ցածր լինելը, կրթության նկատմամբ, մանավանդ գյուղական համայնքներում, նվազումը: Ես չեմ կարող չբարձրաձայնել նաև մշակութային կյանքի գրեթե բացակայությունը: Սրանք լուրջ մարտահրավերներ են»,- ասել է նա:

Տեր Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանը նկատել է, որ կա նաև չորրորդ հարցը` սոցիալական խնդիրը, որը հատկապես գյուղական համայնքներում է առկա, ինչպես նաև մշակութային կյանքի բացակայությունը: «Մենք պակաս ունենք ավելի աշխույժ համայնքային կառույցների գործունեության, ունենք մեկ, երկու, երեք բայց սրանք քիչ են: Այստեղ եկեղեցին որպես համայնք, իր հոգևոր առաջնորդներով փորձում է անել շատ բան, բայց 16 հոգևորականներով և գործող 46 եկեղեցիով սա շատ դժվար է, մանավանդ ցրված հայություն ունենք: Մարտահրավերները սրանք են»,- ասել է վիրահայոց թեմի առաջնորդն ու ևս մեկ անգամ ընդգծել, որ ամենակարևոր խնդիրն այն է, որ ժողովուրդը սոցիալական խնդիրներից ելնելով մեկնում է երկրից: