13 օգոստոսի 2013 - 21:23 AMT
Քուրդ գրող Յաշար Քեմալը պարգևատրվել է «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով

ՀՀ մշակույթի նախարարությունը որոշում է ընդունել քուրդ գրող և հրապարակախոս Յաշար Քեմալին շնորհել «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալը։ Յաշար Քեմալը հուշամեդալով է պարգևատրվել հայ ժողովրդի մշակութային ժառանգության նկատմամբ ունեցած խոր հարգանքի և քաղաքացիական խիզախումի, արդարության, ազատության և մարդկային արժանապատվության արժեքների հանդեպ նվիրումի և գրական վաստակի համար։

«Գրիգոր Նարեկացի» հուշամեդալը Յաշար Քեմալին է հանձնվելու սեպտեմբերի 4-ին Ստամբուլում։ Միջոցառմանը մասնակցելու են ՀՀ մշակույթի նախարարության ներկայացուցիչ Սեյրանուհի Գեղամյանը, ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Արագած Ախոյանը և Արևմտահայերի Ազգային Համագումարի ներկայացուցիչները։ Այս մասին հայտնում են Արևմտահայերի Ազգային Համագումարից:

Յաշար Քեմալին «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալ շնորհելու որոշումը կայացվել է Արևմտահայոց Ազգային Համագումարի առաջարկով։ Յաշար Քեմալն այն գործիչն է, ում ջանքերի շնորհիվ 1951 թ–ին կասեցվեց Աղթամարի հայկական Սուրբ Խաչ եկեղեցու ոչնչացման թուրքական իշխանությունների ծրագիրը։