14 մարտի 2006 - 16:13 AMT
ՀՀ ԱԳՆ ղեկավար. 2006 թվականին ղարաբաղյան հարցի կարգավորման հույսը պետք չէ կորցնել
2006 թվականին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հույսը պետք չէ կորցնել: Իհարկե Ռամբուեյից հետո ժամակետը ավելի սեղմ է: Բայց, այնուամնայնիվ, պետք է աշխատել»,- հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը «Ազգ» օրաթերթի ընթերցողների հարցերին պատասխանելիս: Նրա խոսքերով, 2005 թվականին իրոք առաջխաղացում էր արձանագրվել, համաձայնության էին հասել սկզբունքների մեծ մասի շուրջ: Մնացել էր մեկ-երկու խնդիր, որոնց շուրջ համաձայնության պետք գային Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տրամաբանորեն մտածեցին, որ իներցիան ճիշտ է, գործընթացի օգտին է, եւ հենց Ռամբուեյի հանդիպումը ավելի պետք է պարտադրեր նախագահներին, ստիպեր նրանց ավելի պատասխանատու կերպով վերաբերվել մյուս խնդիրների կարգավորմանը: Դա տեղի չունեցավ: Մենք տվել ենք Ռամբուեյի գնահատականը. այո, Ռամբուեյում օրակարգի կոկրետ հարցի շուրջ համաձայնության չեն հասել: Սակայն մենք գտնում ենք, որ գործընթացը չի տապալվել: Ռամբուեյի օրակարգում կանգնած հարցը բավական բարդ էր: Նախագահները, աշխատելով դրա շուրջ, այդպես էլ որոշում չգտան: Սակայն, հաշվի առնելով ներկայիս առաջընթացը` ափսոս էր այն մի կողմ դնել, բաց թողնել ձեռքից, քանի որ այդպիսի հնարավորություն դժվար կլինի տարիների ընթացքում: Եթե Ադրբեջանը օրակարգի հարցի շուրջ զիջումների չգնա, նշանակում է Ադրբեջանը շարունակում է մնալ իր մաքսիմալիստական դիրքերում, ինչը չի աջակցում կարգավորմանը: Իսկ Հայաստանը զիջումների իր հատվածը իրականացրել է», նշել է Հայաստանի ԱԳՆ ղեկավարը:

Պատասխանելով այն հարցին, թե կարո՞ղ են արդյոք Մերձդնեստրի վերջին իրադարձությունները` ԱՄՆ-ի եւ եվրոպական կառույցների աջակցությունը Մոլդովային, հանդիսանալ ղարաբաղյան հարցի նկատմամբ այդ երկրների դիրքորոշման փոփոխության նախանշանը` Վարդան Օսկանյանը հայտարարեց. «Իհարկե, միջազգային հարբարություններում տեղ գտնող միջադեպերը իրենցից կարեւոր գործոն են ներկայացնում, բայց ոչ վերջնական եւ ոչ որրոշիչ: Մեր մոտեցումը հակամատություններին բավական հստակ է. դրանցից յուրաքանչյուրը պետք դիտարկել իր համատեքստում` տվյալ հակամարտության առաջացման պատմաիրավական պատճառները, արմատները, եւ, որ ամենից կարեւորն է, ժամանակշրջանում ձեւավորված դե-ֆակտո դրությունը հաշվի առնելով: Ինչպիսի՞ կարգավորում կստանա ղարաբաղյան հակամարտությունը: Պետք է հաշվի առնվեն բոլոր գործոնները, իսկ ինքնորոշման իրավունքը շարունակում է մնալ գլխավոր գործոնը»: