14 մարտի 2006 - 18:05 AMT
Ստեփան Գրիգորյան. 2006 թվականին ղարաբաղյան հարցում չի կարող առաջխաղացում գրանցվել
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Սթիվեն Մաննի լավատեսությունը ոչ մի հիմք չունի, քանի որ եթե մինչ Ռամբուեն եւ Ռամբուեյից հետո կար լավատեսություն առանց որեւէ հմքի: Այդ մասին Pan ARMENIAN.Net-ի թղթակցի հետ ունեցած զրույցի ժամանակ հայտարարել է քաղաքգետ-փորձագետ Ստեփան Գրիգորյանը: Նրա խոքերով, այժմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը ավելի երկար ժամանակահատվածով է հետաձգված: «Լավատեսությունը առաջանում է այն պատճառով, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները եւ ԱՄՆ Պետքարտուղարության աշխատակիցները վատ են պատկերացնում տարածաշրջանում ընթացող քաղաքական գործընթացները: Ես հաստատ գիտեմ, որ 2006 թվականին Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում չի կարող առաջխաղացում գրանցվել: ոչ հասրակությունը, ոչ Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունները պատրաստ չեն խելամիտ երկխոսության, չեմ խոսում փոխզիջումների մասին»,- նշել է նա: Նրա կարծիքով, աշխարհում իրադարձությունների զարգացումը նոր գործընթացներ է ծնում, որոնք համընկնում են Հայաստանի շահերի հետ, օրինակ Կոսովոն եւ Մերձդնեստրը: «Տարբեր կոկրետ դեպքերում մենք պետք է մեր դաշտը գտնենք եւ խաղանք դրա վրա»,- ընդգծել է փորձագետը:

Մեկնաբանելով Ադրբեջանի մշակույթի եւ տուրիզմի նախարարության հայտարարությունը, քաղաքագետը նշեց, որ հիստերիան մշակութաապատմական ժառանգության շուրջը անտեղի է, եւ առաջին հերթին հենց Ադրբեջանին է վնասում: Ճիշտ է նա նշեց մի շարք դիվանագիտական հաջողություններ Հայաստանի դեմ մղվող պրոպագանդական պատերազմի մեջ: «Ավաղ, մեր երկիրը միջազգային կազմակերպություններում դեռ պարտություն է կրում: Ես նկատի ունեմ Եվրամիությունում Հայաստանի պատվիրակության գործնեությունը: Հայաստանը նոր ու նոր ձեւեր պետք է գտնի պրոպագանդայի համար»,-ասել է Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի մշակույթի նախարարությունը «Եվրատեսիլ» մրցույթի կազմկոմիտետին նամակ է ուղղարկել, որում դժգոհություն է հայտնվում մրցույթի ինտերնետ կայքում տեղ գտած այն տեղեկատվության վերաբերյալ, որ Հայաստանի մասնակից Անդրեն ծնվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: «Այդ փաստը պետք է դիտարկել որպես անհարգալից վերաբերմունք Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ եւ աջակցություն Հայաստանի ագրեսիվ քաղաքականությանը»,- նշվում է նամակում: