Հակոբ Ինջիղուլյանի հարազատները նորությունների կսպասեն հենց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի դիմաց

Հակոբ Ինջիղուլյանի հարազատները նորությունների կսպասեն հենց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի դիմաց

PanARMENIAN.Net - Օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով առաջնագծում մոլորված և սխալմամբ Ադրբեջանի ԶՈւ կողմից վերահսկվող տարածք անցած Արցախի ՊԲ ժամկետային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի հարազատները դարձյալ հավաքվել են ԿԽՄԿ դիմաց` պահանջով, որ կազմակերպության Բաքվի գրասենյակի աշխատակիցները հնարավորինս շուտ այցելեն զինծառայողին և նրա հայրենիք վերադարձը չձգձգվի:

Հակոբ Ինջիղուլյանի հորը՝ Գևորգ Ինջիղուլյանին, և հորեղբոր որդուն՝ Արման Ինջիղուլյանին, ընդունել է ԿԽՄԿ պատվիրակ Դրագանա Ռանկովիչը։

PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Արման Ինջիղուլյանը նշեց. «Ոչ մի նոր բան չասացին, ասացին, որ դեռ նորություն չունեն, իսկ ունենալու դեպքում միանգամից մեզ տեղյակ կպահեն: Մենք ասացինք, որ որոշել ենք այսուհետ նորությունների սպասել հենց իրենց գրասենյակի դիմաց: Ասացին, որ դա մեր իրավունքն է»:

Արման Ինջիղուլյանը հավելեց, որ ԿԽՄԿ դիմաց սպասելու իրենց որոշումը չի նշանակում, թե իրենք բողոքի ակցիա կամ նստացույց են անցկացնում, այլ ուղղակի որոշել են նորություններին հենց այդտեղ սպասել:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---