Վիլնյուսում կայացել է Ջիվան Գասպարյանի և Հասմիկ Գրիգորյանի համերգը

Վիլնյուսում կայացել է Ջիվան Գասպարյանի և Հասմիկ Գրիգորյանի համերգը

PanARMENIAN.Net - Վիլնյուսի ազգային պատկերասրահի բակում Լիտվայում ՀՀ դեսպանության հովանավորությամբ տեղի է ունեցել համերգ՝ հանրահայտ դուդուկահար Ջիվան Գասպարյանի և Լիտվայի ականավոր օպերային երգչուհի Հասմիկ Գրիգորյանի մասնակցությամբ:

Համերգի սկզբին կազմակերպվել է ընդունելություն, որին ելույթով հանդես է եկել Լիտվայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը: Նա նշել է, որ մշակութային դիվանագիտությունը երկկողմ հարաբերությունների զարգացման և ժողովուրդների մերձեցման ամենակարեւոր բաղադրիչներից է, իսկ օգոստոսի 14-ին համերգի անցկացումը համընկնում է պատմական կարևորագույն իրադարձության հետ, երբ 1991թ. օգոստոսի 14-ին Լիտվան առաջինն աշխարհում ճանաչել է Հայաստանի Հանրապետության անկախությունը՝ իբրև հայ և լիտվացի ժողովուրդների միջև ավանդական բարեկամության, և փոխադարձ աջակցության վկայություն: Դեսպանի խոսքերով, անկախությունից ի վեր յուրաքանչյուր տարի նոր էջ է բացել վերընթաց զարգացում ապրող հայ-լիտվական միջպետական հարաբերություններում:

Միևնույն ժամանակ դեսպանն առանձնացրել է 2013 թվականի կարեւորությունը ԵՄ Խորհրդում Լիտվայի և Եվրոպայի Խորհրդում Հայաստանի նախագահության հանգամանքով, ինչը երկու երիտասարդ պետությունների համար մեծ պատիվ է, ինչպես նաև հսկայական պատասխանատվություն: Դեսպանը համոզմունք է հայտնել, որ Լիտվայի նախագահությունը ԵՄ Խորհրդում կպսակվի հաջողությամբ, իսկ նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք ԵՄ-Արևելյան գործընկերության երկրների ղեկավարների գագաթաժողովը կսկզբնավորի երկարաժամկետ և փոխշահավետ գործակցության նոր փուլ:

Երեկոյին ներկա շուրջ 1000 հյուրերի թվում էին Լիտվայի կառավարության անդամներ, Սեյմասի պատգամավորներ, տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, Լիտվայի արվեստի ականավոր գործիչներ, ակադեմիական եւ լրագրողական շրջանակների, Լիտվայի հայ համայնքի ներկայացուցիչներ:

Համերգին հնչել են հայկական, լիտվական և եվրոպական կատարումներ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---