20 օգոստոսի 2013 - 12:55 AMT
ՀՀ ԱԱԾ. Ադրբեջանցին ձերբակալվել է սահմանն ապօրինի հատելու համար

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հաստատում է տեղեկությունը, որ Լոռու մարզի Ճոճկան գյուղի մոտակայքում ձերբակալվել է Վրաստանի քաղաքացի, ով ազգությամբ ադրբեջանցի է: ԱԱԾ մամուլի ծառայությունից PanARMENIAN.Net-ին հայտնեցին, որ ադրբեջանցին ձերբակալվել է առանց փաստաթղթերի սահմանն ապօրինի հատելու համար: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քրեական օրենսգրքի 329 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Հիշեցնենք, որ «Հրապարակ» օրաթերթը, հղում անելով ադրբեջանական լրատվամիջոցներին, գրել էր, որ հայ-վրացական սահման ի մոտակայքում հայ սահմանապահները ձերբակալել են ազգությամբ ադրբեջանցի Ալլահվերդի Փելենգովին:

Ադրբեջանական լրատվամիջոցները գրել էին, թե ադրբեջանցին հայտնվել է սահմանային չեզոք գոտում հայ հովիվների հետ, որից հետո հայ սահմանապահները նրան ձերբակալել են: Ավելացնենք նաև, որ ադրբեջանական լրատվամիջոցները դեպքից հետո աղմուկ են բարձրացրել և այն բնութագրել որպես «գերի» վերցնելու գործընթաց: