20 օգոստոսի 2013 - 15:29 AMT
Հետաքննություն. Սահմանախախտ թուրք հովիվը զինվորական համազգեստով է եղել և կրակել է ռուս սահմանապահների ուղղությամբ

Թուրքիայում ավարտվել է հուլիսի 31-ին հայ-թուրքական սահմանը խախտած և ռուս սահմանապահների գործողությունների արդյունքում մահացած հովիվ Մուսթաֆա Ուլքերի հետ կապված միջադեպի հետաքննությունը, գրում է թուրքական Taraf` հաղորդելով նաև մանրամասներ:

Հետաքննության արդյունքում պարզվել է, որ Ուլքերի պատմությունը վաղուց է սկսվել. թուրք հովիվներն իրենց անասուներին սկսել են արածեցնել հայկական կողմում, ռուս սահմանապահները զգուշացրել են թուրքական կողմին, որ սահմանի խախտումները չկրկնվեն: Թուրք սահմանապահներն էլ հովիվներին են զգուշացրել, բայց նրանք շարունակել են անասուններն հայկական կողմում արածեցնել։

Ռուս սահմանապահները բռնագրավել են հայկական կողմում արածող անասունների մի մասին, ապա թուրքական կողմի հետ բանակցությունների արդյունքում վերադարձրել։ Աանասուններից մի մասի վրա, սակայն, վերքեր են եղել: Նաև սահմանախախտ հովիվ Մուսթաֆա Ուլքերի անասուններից մի քանիսի վրա։

Հայերից վրեժ լուծելու համար նա զինվորական համազգեստ է հագել և գիշերով 2 անգամ անցել սահմանը, կրակել ռուս սահմանապահների ուղղությամբ: Երկրորդ փորձն ավարտվել է նրա մահով: