Վարդաձորում և Լիճքում նոր բուժամբուլատորիաներ են բացվել

Վարդաձորում և Լիճքում  նոր բուժամբուլատորիաներ են բացվել

PanARMENIAN.Net - Գեղարքունիքի մարզի երկու գյուղական համայնքներում` Վարդաձորում և Լիճքում այսօր տեղի ունեցավ նորակառույց բուժամբուլատորիաների բացման արարողությունը, որին ներկա էին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, այլ պատասխանատուներ:

Փոխվարչապետը ծանոթացավ նաև համայնքներում իրականացված այլ աշխատանքների: Մարզի առաջնահերթ խնդիրների լուծման չորրորդ ծրագրով Վարդաձորում ավարտվել է նաև մշակույթի տան հիմնանորոգումը, իսկ Լիճքում նույն ծրագրի շրջանակում գազիֆիկացվել է թաղամասերից մեկը: Գյուղն արդեն ամբողջությամբ ապահովված է երկնագույն վառելիքով:

Լիճքում բնակիչների առաջարկով Ա. Գևորգյանն այցելեց համայնքի կիսավարտ մշակույթի տուն, ծանոթացավ պայմաններին և կատարված աշխատանքների ծավալներին: Մանկապարտեզը ևս նախատեսվում է տեղակայել շենքում, սակայն այն ավարտին հասցնելու համար համայնքը բավարար միջոցներ չունի: Փոխվարչապետը խոստացավ հարցը բարձրացնել կառավարությունում:

Ա. Գևորգյանն այցելեց նաև Չկալովկա համայնք, որտեղ ամբողջությամբ հիմնանորոգվել է մշակույթի տունը: Այդ նպատակով շուրջ 25 մլն դրամ էր հատկացվել առաջնահերթ խնդիրների լուծման երրորդ և չորրորդ ծրագրերով: Փոխվարչապետը շրջայց կատարեց նորոգված շենքում, որը նաև կահավորվել է անհրաժեշտ գույքով: Այցի շրջանակում Ա. Գևորգյանը եղավ նաև Սևան և Գավառ քաղաքներում: Առաջնահերթ խնդիրների լուծման չորրորդ ծրագրով հատկացված 53,2 մլն դրամով Սևանում ավարտվել է բազմաբնակարան չորս շենքերի տանիքների նորոգումը, նույն ծրագրով 16,8 մլն դրամ էր հատկացվել քաղաքային այգու վերակառուցման համար:

Գավառ քաղաքում առաջնահերթ խնդիրների լուծման չորրորդ ծրագրով 50 մլն դրամ է հատկացվել կենտրոնական փողոցների ասֆալտապատման համար: Փոխվարչապետը ծանոթացավ կատարված աշխատանքներին, ինչպես նաև այցելեց քաղաքի մանկատան զբոսայգի, որը բարեկարգվել է նույն ծրագրի շրջանակում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---