
«Մեդիա կենտրոն» այսօր կայացավ «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի և դրա շուրջ ստեղծված տարընթերցումների վերաբերյալ բանավեճ, որին մասնակցեցին «Օրինաց երկիր» կուսակցությունը ներկայացնող Արթուր Միսակյանը, Տեր Զաքարիա վարդապետ Բաղումյանը, «Արեգ գիտավերլուծական կենտրոն»-ի ներկայացուցիչ Վարդան Խաչատրյանը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետ Լալա Ղազարյանը:
«Բազմաթիվ հոգևորականներից բազմաթիվ նամակներ ենք ստացել` մտահոգություն արտահայտող: Այն տեսքով, որ ընդունվել է օրենքը, եթե ես լինեի Ազգային ժողովում, ես դեմ կքվեարկեի: Ես կարծում եմ, որ այս լավ իմաստով աղմուկը պիտի նպաստի նրան, որ հայ եկեղեցին ներգրավվի նման բաներում: Մենք չենք կարող գրել օրենքում մի բան, որը մի ամբողջ արժեքային համակարգի դեմ է: Մենք ուզում ենք, որ հասարակությունն առողջ լինի, տղամարդը տղամարդ լինի, կինը` կին» ,- ասաց Տեր Զաքարիա վարդապետ Բաղումյանը բանավեճի ժամանակ:
Վարդան Խաչատրյանը համոզված է, որ նման փոփոխությունների դեպքում հարցը պետք է դնել լայն հասարակական քննարկման: «Այս ամենն ազգային անվտանգության խնդիր է, և մենք իրավունք չունենք հասարակական լիարժեք վերահսկողությունը բաց թողնել: Ես խորը կասկածներ ունեմ, որ իրականում խնդիրը չի բարձրացվել մինչ այդ ընդունում: Աղմուկը բարձրացրել ենք մենք: Հասկացությունն առ այսօր վերջնական ծավալային ուրվագծի ենթարկված չի, այլ ներառում է սեռական հնարավոր ազատությունների սատարման ողջ լիցքը»,- համոզված է նա:
Արթուր Միսակյանը կարծում է, որ նման օրենքը անհրաժեշտություն է, քանի որ Հայաստանի Հանրապետությունում չկա ոչ մի կին մարզպետ, ոչ մի կին քաղաքապետ, կանանց ներգրավվածությունը քաղաքական գործընթացներում շատ փոքր է:
«Մենք օրենսդրորեն սահմանում ենք մի դաշտ, որ հավասար իրավունքներ կապահովի կանանց և տղամարդկանց` հասարակական կյանքի բոլոր ոլորտներում: Օրենքը դատափետելը դարձել է քաղաքական դաշտում կայանալու լուրջ հարթակ: Նույնիսկ այն մարդիկ, ովքեր կողմ են քվեարկել, այժմ դեմ են խոսում: Կա դրույթ, որը վիճարկելի է և աշնանային նստաշրջանի ընթացքում այն կվերանայվի»,- ասաց Միսակյանը:
Լալա Ղազարյանը վստահեցրեց, որ որևիցե ուժ չի կարող խարխլել այն արժեքները, որ դարերով ունեցել ենք: «Ձևակերպումը եղել է տարիներ շարունակ, դրված է եղել նախարարության կայքէջում և որևիցե մտահոգություն չի եղել: Օրենքը միտված է կանանց ու տղամարդկանց հավասար հնարավորությունների կիրառմանը», - ասաց նա: