Անասնաբուծության ոլորտում Արագածոտնի մարզը 3-4-րդ տեղում է

Անասնաբուծության ոլորտում Արագածոտնի մարզը 3-4-րդ տեղում է

PanARMENIAN.Net - ՀՀ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով Արագածոտնի մարզում էր: Նախարարն Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի ուղեկցությամբ այցելել է 3 համայնքներ՝ Ներքին Սասնաշեն, Կարպի, Օհանավան, ինչպես նաև «Թամարա ֆրուտ» ձեռնարկություն: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են ԳՆ հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ներքին Սասնաշեն համայնքում նախարարը հանդիպել է նոր կազմավորված կոոպերատիվի ներկայացուցիչներին: Նրանք նախարարին հայտնել են, որ պետությունից ստացել են 9 միավոր գյուղտեխնիկա, ողջունել տնտեսությունների խոշորացման ծրագիրը և հույս հայտնել, որ մոտ ապագայում կավելացնեն նաև անասնագլխաքանակը և ցանքատարածությունները: Կոոպերատիվի անդամները նախարարին դիմել են կաթի մթերման հետ կապված խնդիրներով, ինչին ի պատասխան նախարարն ասել է, որ Ներքին Սասնաշենում շատ շուտով բացվելու է կաթի մթերման առանձին կետ՝ համապատասխան սառնարանային հնարավորություններով :

Նախարարը մարզի ղեկավարության, գյուղապետի և կոոպերատիվի անդամների հետ այցելել և ծանոթացել է «Արոտավայրերի կառավարման և անասնապահության զարգացման» ծրագրի շրջանակներում իրականացված շինարարական աշխատանքներին: Այստեղ գյուղնախարարն իր դժգոհությունն է հայտնել անցյալ տարի շահագործման հանձնված խմոցների որակից և հանձնարարական տվել տասն օրում վերացնել բոլոր թերությունները և ավելի մեծ պատասխանատվությամբ վերաբերվել այս աշխատանքին: Նախարարը հանձնարարել է գյուղապետերին խիստ հսկողություն տակ վերցնել շինարարական աշխատանքները, իսկ անորակ աշխատանքի դեպքում՝ չընդունել օբյեկտները:

Գյուղատնտեսության նախարարն այցելել է նաև Օհանավան և Կարպի համայնքների խնձորի այգիներ՝ բերքը գնահատելով միջին: Գյուղացիները նախարարին հայտնել են, որ թունաքիմիկատների որակը ցածր է և նրանց ազդեցությունը՝ քիչ արդյունավետ: Գյուղնախարարը հորդորել է նրանց ժամանակին զբաղվել սնկային հիվանդությունների կանխարգելմամբ, ինչպես նաև պահպանել սրսկումների ճիշտ չափաբաժինը:

Գյուղատնտեսության նախարարի հաջորդ կանգառը «Թամարա ֆրուտ» ընկերությունն էր, որտեղ նրան են ներկայացրել վերամշակող ձեռնարկության վերջին շրջանի ձեռքբերումները և հավաստիացրել, որ մթերումների առումով խնդիրներ չեն ծագի: Նախարարն իր այցն ավարտել է մարզպետարանում անցկացված խորհրդակցությամբ, որին մասնակցել են համայնքների ղեկավարները:

Ինչպես ամբողջ հանրապետության տարածքում, այնպես էլ այս մարզում ցորենի և գարու բերքն այս տարի առատ է: Մարզի անասնաբուծական ճյուղի ցուցանիշներն էլ տպավորիչ են. տավարի գլխաքանակն ավելացել է 12 տոկոսով, խոզերինը ՝ 9 տոկոսով, իսկ ոչխարների և այծերի գլխաքանակը՝ 13 տոկոսով: Այս արդյունքներով անասնաբուծության ոլորտում Արագածոտնի մարզը հանրապետությունում զբաղեցնում է 3-4-րդ հորիզոնականները:

Խորհրդակցության վերջում նախարարը պատասխանել է համայնքների ղեկավարների հարցերին:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---