21 օգոստոսի 2013 - 10:18 AMT
Մեկնարկել է Բյուրականի 4-րդ ամառային դպրոցը

Օգոստոսի 19-ից մեկնարկել է Բյուրականի 4-րդ ամառային դպրոցը, որը կշարունակվի մինչև օգոստոսի 23-ը: Այս անգամ ավելի ընդլայնված ամառային դպրոցին մասնակցում է 42 ուսանող, որոնցից 12-ը ներգրավվել են ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետից: Մասնակիցների մյուս մասը ներկայացնում է ԵՊՀ միջազգային հարաբերությունների, ռոմանագերմանական բանասիրության, արևելագիտության ու ժուռնալիստիկայի ֆակուլտետները, Վալերի Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանը և Տուրիզմի հայկական ինստիտուտը:

Ծրագրի առաջնային նպատակներից է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողներին ծանոթացնելը Բյուրականի աստղադիտարանին և նրանում ներկայումս կատարվող գիտահետազոտական աշխատանքներին, ինչը հնարավորություն կտա ուսանողներին պատկերացնել իրենց հետագա մասնագիտացման հնարավոր տարբերակներից մեկը և ապագայում ճիշտ ընտրություն կատարել:

Բյուրականի ամառային դպրոցի կազմկոմիտեի քարտուղար Գոհար Հարությունյանի խոսքով՝ ամառային դպրոցին զուգահեռաբար անցկացվում է նաև հոկտեմբերին Հայաստանում կայանալիք ակադեմիկոս Բենիամին Մարգարյանի 100-ամյակին նվիրված ՄԱՄ պաշտոնական գիտաժողովի կազմակերպչական աշխատանքներին մասնակցող ուսանողների նախապատրաստական պարապմունքները: