16 մարտի 2006 - 18:12 AMT
Ֆրանսիայի հայերը բողոքում են Բեռլինում «Թալեաթ փաշա» գործողության անցկացման դեմ
Մարտի 15-ին ֆրանսիական Փարիզ, Մարսել եւ Վալանս քաղաքներում բողոքի ցույցեր են կայացել Բեռլինում «Թալեաթ փաշա» գործողության անցկացման դեմ: Մասնակիցները ընդգծել են Թուրքիայի մերժողական քաղաքականութան անթույլատրելիությունը եւ նշել են, որ «այդպիսի Թուրքիան չի կարող տեղ ունենալ ժողովրդավարական աշխարհում»: Հիշեցնենք, որ Բեռլինի երկրամասի դատարանը երեկ երեկոյան կասեցրել է մարտի 18-19-ը նախանշված, այսպես կոչված, «Թալեաթ փաշա» գործողությունը արգելելու` Բեռլինի ոստիկանության որոշման գործադրումը: Իրավապաշտպան կազմակերպությունները եւ քաղաքական գործիչները, սակայն, զորակցություն են հայտնել ոստիկանությանը եւ քննադատել են դատարանի կայացրած որոշումը: Միաժամանակ արդեն հայտարարվել է, որ այն բողոքարկվելու է վերին ատյանում: Միաժամանակ, նրանք կոչ են արել երկրի օրենսդիրներին ընդհանրապես արգելել ցեղասպանությունների եւ պատերազմի հանցագործությունների մերժման գործողությունները, հաղորդում է «Երկիր Մեդիա» հեռուստաալիքը: Հիշեցնենք, որ նախօրեին Բեռլինի ոստիկանությունը արգելել էր մարտի 18-19-ը նախանշված, այսպես կոչված, «Թալեաթ փաշա» գործողությունը, որն ուղղված էր Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ: Արգելքը հիմնված է Գերմանիայի Քրեական օրենսգրքի 189 հոդվածի վրա, ըստ որի արգելվում է «անհարգալից վերաբերմունքը զոհվածների հանդեպ»: Հայտարարության մեջ Գերմանիայի իշխանությունները օգտագործել են «1915 թվականին զոհվածներ» արտահայտությունը, խուսափելով Հայոց ցեղասպանության հիշատակումից: Բեռլինում կայանալիք հանրահավաքներով պետք է մեկնարկեին «Թալայաթ փաշա գործողություն» անվանումով միջոցառումները` «Մեծ ծրագիր-2006» նախաձեռնության շրջանակներում: Նախաձեռնությունը, որով հանդես եկան մի շարք թուրք գործիչներ ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի նախկին նախագահ Ռաուֆ Դենքթաշի գլխավորությամբ, նպատակ ուներ հասնել այն բանին, որ Բունդեսթագը ետ կանչեր Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւը: Հիշեցնենք, նաեւ, որ 2005 թ. Գերմանիայի Բունդեսթագը ներողություն էր խնդրել հայ ժողովրդից եւ մի բանաձեւ ընդունել, որտեղ նշվցում է, որ Գերմանիան, որը Թուրքիայի դաշնակիցներ Առաջին աշխարհամարտի ժամանակ, որոշակի պատասխանատվություն է կրում Հայոց ցեղասպանության համար: Բանաձեւը նաեւ կոչ է անում Անկարային ճանաչել Հայոց ցեղասպանությունը: