21 օգոստոսի 2013 - 17:58 AMT
ՀՀ ՊՆ-ում կայացել է ազատամարտիկների հարցերով զբաղվող աշխատանքային խմբի նիստ

Օգոստոսի 20-ին կայացել է ազատամարտիկների բարձրացրած հարցերով զբաղվող` ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ձևավորված, գերատեսչական աշխատանքային խմբի նիստ: Նիստը նախագահել է խմբի ղեկավարը՝ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:

Ըստ ազատամարտիկների կողմից բարձրացված հարցերի, նիստի ընթացքում ներկայացվել են ՀՀ ՊՆ համապատասխան վարչություններում կատարված աշխատանքները, քննարկվել առաջիկա անելիքները: Քննարկումների արդյունքում մատնանշվել են մի շարք հարցեր, որոնք առավել խնդրահարույց են և պահանջում են լուծման իրատեսական ուղիներ:

Որոշվել է այդ խնդիրներին անդրադառնալ հաջորդ նիստին, որին կհրավիրվեն նաև ազատամարտիկներին միավորող հասարակական կազմակերպությունների ու նախաձեռնող խմբերի ներկայացուցիչներ:

Հիշեցնենք, որ ազատամարտիկները նստացույց են անում, նրանք կառավորությանը 13 կետից բաղկացած պահանջ էին ներկայացրել և հանդիպել վարչապետին, սակայն համարում են, որ իրենց պահանջներին, ըստ էության, պատասխան չի տրվել: Նրանք պահանջում են բարձրացնել թոշակները, քանի որ գնաճի պայմաններում չեն կարողանում հոգալ առօրյա ծախսերը: