ՄԱԿ-ի ԱԽ քննարկմանն անդրադարձ է եղել Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին

ՄԱԿ-ի ԱԽ քննարկմանն անդրադարձ է եղել Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին

PanARMENIAN.Net - Օգոստոսի 19-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված զինված հակամարտություններում քաղաքացիական բնակչության պաշտպանության խնդրին: Ելույթ ունեցողների զգալի մասն անդրադարձել է Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին:

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանն իր ելույթում, մասնավորապես, նշել է, որ Հայաստանի համար իրավիճակը Սիրիայում միայն նորությունների խորագիր չէ և մեծապես մտահոգիչ է երկրում վատթարացող հումանիտար իրավիճակը և բռնությունների աճը: Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից։ Դեսպան Նազարյանը դատապարտել է բնակչության հանդեպ բոլոր տեսակի հարձակումները, առևանգումներն ու ահաբեկչական գործողությունները, որոնց թիրախում են հայտնվել անմեղ քաղաքացիներ` ներառյալ երկրում ապրող փոքրամասնությունները՝ ընդգծելով այն հանգամանքը, թե ինչպես են ավիրվում ու վնասվում հայկական եկեղեցիները, և ինչպես են մեծ թվով հայեր իրենց սիրիացի համաքաղաքացիների հետ մեկտեղ Հալեպում ու Դամասկոսում ծանր իրավիճակում փորձում գոյատևել: Դեսպանը հավելել է նաև, որ Հայաստանը շարունակում է ընդունել փախստականների՝ չնայած ավելի քան հարյուր հազար հայեր իրենց կենցաղն են շարունակում Սիրիայում օրեցօր ուժգնացող բռնությունների և հումանիտար ճգնաժամի ներքո:

«Նմանօրինակ իրավիճակների լուծման համար համոզված ենք, որ պետք է հրաժարվել միջազգային հումանիտար իրավունքի ոտնահարման հարցում ընտրովի մոտեցումներից: Միջազգային հանրությունը պետք է արդյունավետորեն գործի հումանիտար իրավունքի նորմերի պահպանման հարցում և առաջարկի, որպեսզի կողմերը ձեռնարկեն անհրաժեշտ բոլոր քայլերը մարդասիրական օգնության դերակատարների մուտքն ու գործունեությունն ապահովելու համար»,-նշել է դեսպան Նազարյանը:

Իր ելույթի մեկ այլ բաժնում՝ խոսելով առհասարակ զանգվածային սպանությունների, հանցագործությունների հարցում պատասխանատվության մասին, դեսպան Նազարյանը բարձր է գնահատել ԱԽ դերակատարումն անպատժելիության վերացման ու միջազգային հումանիտար իրավունքը կոպտորեն ոտնահարողներին պատասխանատվության ենթարկելու գործում: Այս համատեքստում Հայաստանի ներկայացուցիչը խոսել է նաև փոխհատուցման մասին, անդրադարձել դեռևս այս տարվա գարնանը Հայաստանի կողմից նախաձեռնված ու ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից ընդունած «Ցեղասպանության կանխարգելման» բանաձևին՝ կարևորելով ճշմարտության, արդարադատության ու փոխհատուցման խրախուսումը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---