22 օգոստոսի 2013 - 14:58 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Կոմիտասի 5 հասցեում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ծառայողական քննություն է նշանակվել

Երևանի Կոմիտասի 5 հասցեում ընթացող շինարարական աշխատանքների դեմ բողոքող քաղաքացիների ու նրանց աջակցող ակտիվիստների և տարածքում հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանների միջև օգոստոսի 21-ին տեղի ունեցած միջադեպի կապացությամբ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ ոստիկանության ծառայողի և բողոքի ակցիային մասնակցող կանանցից մեկի միջև կատարվածի առնչությամբ ոստիկանության պետի կողմից նշանակվել է ծառայողական քննություն, հիշյալ ծառայողի լիազորությունները դադարեցվել են, ուսումնասիրվում են այդ օրը կատարված բոլոր տեսագրությունները, և քննության ավարտի ու եզրակացության մասին կտեղեկացվի հանրությանը:

Ոստիկանությունը կոնֆլիկտի բոլոր կողմերին՝ և կառույցի սեփականատիրոջը, և շինարարությունն իրականացնողներին, և՛ քաղաքացիներին ու նրանց աջակցող ակտիվիստներին կոչ է անում խնդիրները լուծել բացառապես իրավական դաշտում. անընդունելի է օրինականություն պահանջել անօրինական միջոցներով:

Ոստիկանության պետը երեկ հեռախոսազրույց է ունեցել ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ: Կողմերը համաձայնության են եկել, որ հիշյալ և նման խնդիրները պետք է լուծվեն բացառապես իրավական դաշտում՝ համապատասխան ատյաններ դիմելու միջոցով: Եվ առհասարակ, վաղուց արդեն ժամանակն է ձևավորել այդպիսի գործելակերպ ու մշակույթ:

ՖՈՏՈՇԱՐՔ