
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունել է Չեխիայի Հանրապետության Կարլովի Վարիի երկրամասի պատվիրակությանը` նահանգապետ Յոզեֆ Նովոտնիի ղեկավարությամբ:
Հանդիպմանը ներկա էին նաև Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը և Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը: Պատվիրակությունն այցելել է Վայոց ձորի մարզ, եղել Ջերմուկում, մարզային և քաղաքային իշխանությունների հետ քննարկվել են Վայոց ձորի մարզի և Կարլովի Վարիի երկրամասի, ինչպես նաև Ջերմուկ և Կարլովի Վարի քաղաքների միջև գործընկերային հարաբերությունների հաստատման հնարավորությունները:
Փոխվարչապետը գոհունակություն է հայտնել, որ Հայաստանի և Չեխիայի միջև բարեկամական հարաբերությունները տեղափոխվում են նաև միջտարածաշրջանային մակարդակ: Նա նկատել է, որ Ջերմուկն ու Կարլովի Վարին բավականին ընդհանրություններ ունեն, և առողջարանային երկու քաղաքների միջև կարող է հետաքրքիր ու արդյունավետ համագործակցություն հաստատվել:
Փոխվարչապետը տեղեկացրել է հանրապետությունում և, մասնավորապես, Վայոց ձորի մարզում իրականացվող զբոսաշրջային ծրագրերի մասին` նկատելով, որ զբոսաշրջային ավանդույթներ ունեցող Կարլովի Վարիի փորձը կարող է օգտակար լինել հայ գործընկերների համար:
Հյուրերն իրենց հերթին նշել են, որ հետաքրքրված են համագործակցությամբ և տպավորված են Ջերմուկի բնությամբ ու առողջարանային հնարավորություններով: Նահանգապետ Յոզեֆ Նովոտնին տեղեկություններ է ներկայացրել երկրամասի մասին` նշելով, որ այն տարեկան մոտ 0,5 մլն զբոսաշրջիկ է ընդունում: Նա նաև առաջարկել է քննարկել Կարլովի Վարիի երկրամասի հետ ուղիղ օդային կապի հաստատման հնարավորությունը, ինչը կնպաստի կողմերի միջեւ ինչպես զբոսաշրջության զարգացմանը, այնպես էլ կապերի աշխուժացմանը: