Արագածոտնի մարզում 11 կրթական հաստատություն է վերանորոգվում

Արագածոտնի մարզում 11 կրթական հաստատություն է վերանորոգվում

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր Արագածոտնի մարզ կատարած այցի ընթացքում ծանոթացավ մարզի առաջնահերթ խնդիրների լուծման չորրորդ ծրագրով մի շարք համայնքներում կրթական հաստատությունների վերանորոգման աշխատանքների ընթացքին:

Առաջնահերթ խնդիրների լուծման չորրորդ ծրագրի շրջանակում մարզում ընդհանուր առմամբ վերանորոգվում է 11 դպրոց:

Մարզպետ Սարգիս Սահակյանի ուղեկցությամբ փոխվարչապետը նախ այցելեց Թալին, ծանոթացավ քաղաքի թիվ 2 դպրոցի վերանորոգման ընթացքին: Ծրագրով հատկացված 120 մլն դրամով հիմնանորոգվել են շենքի երեք մասնաշենքերը: Շինարարական հիմնական աշխատանքներն ավարտված են, պատասխանատուները վստահեցրեցին, որ առաջիկայում կավարտվի նաև բարեկարգումը:

Ա. Գևորգյանն այցելեց նաև Նոր Եդեսիայի և Ապարանի թիվ 1 դպրոցներ, որոնք ևս վերանորոգվում են նույն ծրագրի շրջանակում: Այդ նպատակով ծրագրով համապատասխանաբար հատկացվել է 52 և 70 մլն դրամ: Նորոգման աշխատանքները երկու հաստատություններում էլ մոտենում են ավարտին:

Ինչ վերաբերում է փոքր ՀԷԿ-երի խնդրին, ապա փոխվարչապետը նշեց, որ ՀՀ օրենսդրությամբ` ջրային ռեսուրսներն առաջնահերթ օգտագործվում են բնակչության խմելու - կենցաղային և ոռոգման պահանջարկն ապահովելու համար: Փոքր ՀԷԿ-երը կարող են օգտագործել միայն այն ջրաքանակը, որը ոռոգման նպատակով ջրառից հետո ազատ է մնում:

Ա. Գևորգյանը մարզպետին հանձնարարեց մարզում գործող փոքր ՀԷԿ-երի ղեկավարներին նախազգուշացնել օրենսդրական այդ պահանջի մասին: Նա նաև խոստացավ, որ պետական լիազոր մարմինների ուշադրությունը կհրավիրի խնդրի վրա:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---