Աուրելիա Գրիգորիուն որպես ադրբեջանական քարոզչության հայելի

Աուրելիա Գրիգորիուն որպես ադրբեջանական քարոզչության հայելի

PanARMENIAN.Net - Եթե ճիշտ է, որ յուրաքանչյուրը ստանում է այն, ինչին արժանի է, ապա դա լիովին վերաբերում է Մոլդովայի օմբուդսմեն Աուրելիա Գրիգորիուին, որը պարգևատրվել է «Հեյդար Ալիևի» ոսկե մեդալով հատուկ ծառայությունների համար: Նրա ծառայություններն Ադրբեջանի առջև իրոք արժանի են եթե ոչ մեդալի, ապա գոնե «Շողրեթ» (Փառքի) շքանշանի: Ճիշտ է «Ոսկե աստղին» դեռ չի հասնի, բայց դրա համար Գրիգորիուն պետք է մեկնի Արցախի Հանրապետություն ու փորձի անել նույնն, ինչ արեց Երևանում: Նշենք, որ Արցախում նրան կստիպեին լռել առաջին իսկ բառից հետո՝ լավագույն դեպքում ուղղակի անջատելով բարձրախոսը:

2013 թվականի հուլիսի 4-ին Գրիգորիուն ելույթ ունեցավ Երևանում Հայաստանի Սահմանադրական դատարանի կազմակերպած միջազգային խորհրդաժողովի ժամանակ: Նա մեղադրեց Հայաստանի իշխանություններին «ադրբեջանական տարածքները զավթելու և ադրբեջանական ժողովրդի ցեղասպանության մեջ», և գնահատելով դա որպես ագրեսիա, ասաց, թե Հայաստանը չի պահպանում միջազգային իրավունքը: Այսինք, փաստացի, բառ առ բառ կրկնեց ադրբեջանական քարոզչամեքենայի գլխավոր դրույթը տարածքների 20 տոկոսի, մեկ միլիոն փախստականների և նման այլ հեքիաթների մասին, որոնց արդեն չեն հավատում նույնիսկ բուն Ադրբեջանում, չմոռանալով նաև ՄԱԿ ԱԽ բանաձևերի մասին, որոնց մասին միայն Ադրբեջանում են հիշում և ժամանակ առ ժամանակ ԵԱՀԿ ՄԽ-ում, մոտավորապես 10 տարին մեկ: Ակնհայտորեն Գրիգորիուն իրենից շատ գոհ էր, բայց գերագնահատեց իր հնարավորությունները:

Հաղորդագրության մեջ նաև ասվում է, որ մեդալը հանձնվել է մարդու իրավունքների ու ադրբեջանական իրողությունների պաշտպանության համար ողջ աշխարհում, ինչպես նաև թուրքալեզու պետությունների ու Ադրբեջանի միջև կապերի զարգացման համար: Տարօրինակ է այս ամենը կարդալ, առավել ևս, որ, եթե հիշողությունը մեզ չի դավաճանում Գրիգորիուն քրիստոնյա է և նրան կարծես սազական չէ առաջ մղել թուրքական արժեքները: Հասկանալի է, որ ավելի հեշտ է ուրիշի աչքի փուշը տեսնել, քան սեփականի գերանը: Մոլդովացի օմբուդսմենին կարելի է հասկանալ, հատկապես եթե հիշենք նրա էջը Facebook սոցցանցում, որտեղ նա գրեթր սեր է խոստովանում Իլհամ Ալիևին: Իսկ քանի որ Ադրբեջանի նախագահն այնուամենայնիվ կովկասցի տղամարդ է, նվազագույնը, ինչ նա կարող էր անել, դա Գրիգորիուին մեդալով պարգևատրելն էր: Ինքը Գրիգորիուն ժամանակ առ ժամանակ կրակին յուղ էր լցնում տարօրինակ հայտարարություններ անելով այն մասին, թե իբր նրան հետապնդում են « ASALA-ի հայ գրոհայինները»: Դե ինչպես բացատրես անկիրթ կնոջը, որ ASALA-ն վաղուց արդեն չի գործում, և նրա այդ բոլոր «վախերը» զուտ էժանագին PR ձև են: Եվ Մոլդովայի իշխանությունների հետապնդումները, ինչպես նա նկարազարդ ներկայացնում է, ընդհանուր ոչ մի բան չունեն Հայաստանի հետ: Երևանը չի միջամտում ինքնիշխան պետության գործերին, սակայն, միևնույն ժամանակ, չպետք է թույլ տա, որ միջամտեն իր գործերին: Զարմանալի է նաև, որ նման կասկածելի ճանաչման արժանացած անձինք հանդես են գալիս Իլհամ Ալիևի կողմից: Ավելի ճիշտ, ծախվում են և պարզ է, որ բավականին էժան:

Չգիտես ինչու հիշեցի ռուս գրող Վիկտոր Անդրիյանովին, որը «Ականավոր մարդկանց կյանքը» գրքաշարի շրջանակներում, լույս ընծայեց Հեյդար և Իլհամ Ալիևների կեսագրությունները, և որին վճարեցին 12 հազար դոլար երկու գրքի համար: Կարգին գրողը այդ գումարով ուղղակի չէր համաձայնվի դա անել: Երկու գրքերի արժանիքների մասին ուղղակի կլռենք՝ այնտեղ այնքան կեղծիք կա, որ ուղղակի զարմանալի է: Այդպես է նաև Աուրելիա Գրիգորիուի դեպքում:

Եվ ամենահետաքրքրականը՝ Գրրգորիուն ներկայացվել է Թուրքալեզու պետությունների քաղաքականության աջակցության այդ բարձր պարգևին Կենտրոնական Ասիայի ադրբեջանական ՀԿ-ների ներկայացմամբ: Ի՞նչ կապ ունի այստեղ Կենտրոնական Ասիան: Կամ Նազարբաևն ու ընկերները ուղղակի ընդառաջել են Իլհամ Ալիևին: Սակայն դա ուղղակի աչք է ծակում: Ապագայի համար մնում է խորհուրդ տալ նույն Բաքվին ավելի զգուշավոր լինել «բարձրախոս» ընտրելիս, թե չէ սիրուն չի ստացվում. մի կին, որին ոչ ոք չի նկատում հայրենիքում, դառնում է ադրբեջանցի քարոզիչների ֆավորիտը: Իսկ գուցե՞ Աուրելիուին արժե Բաքու տեղափոխվել, այդպես և նրա համար ավելի հանգիստ կլինի, և բոլորի: Բայց դե այնտեղ էլ նա ոչ ոքի հարկավոր չէ, Գրրգորիուի նմանները Բաքվում շատ են:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---