
Անկախությունը Ազատության հրապարակում խուճուճ մազերով փոքրիկի աչքերում է, ում ճակատին ջրաներկով նկարած եռագույնն է ժպտում…
Անկախությունը քեռիիս մուգ սև մուրուքն է ու վարդագույն քաղցր բամբակը. միակ բանը, որ մանկությունս ու պատերազմն է կապում իրար:
Անկախությունը Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոցն է, կռված ու հաղթած:
Շուշիի փողոցներում զենք-զենք խաղացող ճտերն են, որ սովորում են Հայրենիքը պաշտպանել:
Անկախությունը «Մեր Հայրենիքը» լսելուց սիրտը արագ խփելն է…
Մեր գյուղի տան երդիկից բարձրացող խաղաղ ծուխն է ու տատիս պատմությունները` մեծ տատի մասին, որ եկել էր Մուշից… Էդ տան ծուխը միշտ պահելն ու սեփական տան պատերը չկարոտելն է… հողին պինդ կպած ապրելը:
Անկախությունը սկսվում է զինվորական կոշիկների երիզներից, որոնք արագ թուլացնում եմ, որ զինվորս շուտ հագնի ու չուշանա: Զինվորիս հզոր ձայնի ու «Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը» մեջ է…
Անկախությունը սպասված օրորոցի ճռռոցն ու մանկան ճիչն է: Հաղթած Դուշման Վարդանի անունով կոչվող Հայրենիքին տված ևս մեկ զինվորի ու իմ պարտքի մեջ է… հաջորդ զինվորը ծնող ևս մեկ մոր մեջ:
Անկախությունը հավատի մեջ է, որ վաղվա օրն ու մնացած բոլոր օրերը ԵՌԱԳՈՒՅՆ են: