17 մարտի 2006 - 19:31 AMT
Ադրբեջանական ԶԼՄ-ների` հայ սպաներին վարկաբեկող հայտարարությունները բացարձակ սուտ են
Ադրբեջանական ԶԼՄ-ների` հայ սպայերին վարկաբեկող հայտարարությունները բացարձակ սուտ են: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Համլետ Գասպարյանը: Նրա խոսքերով, այդ լուրերից ճիշտ են միայն մեր հայ սպաների անունները, մնացյալը կատարյալ հերյուրանք է: Գեւորգ Ոսկանյանը եւ Արտեմ Հակոբյանը այդ դասընթացներին մասնակցում էին 2005թ. սեպտեմբերի 23-ից: Դասընթացների հենց սկզբից մայոր Ոսկանյանի առողջական վիճակը վատանում է եւ նա ստիպված է լինում Մարշալ կենտրոնի համաձայնությամբ հոկտեմբերի 4-ին վերադառնալ Հայաստան` անհետաձգելի բուժում ստանալու համար: Այս մասին, ի պատասխան ադրբեջանական մամուլի վերոհիշյալ հաղուրդումների, գրավոր հավաստում է նաեւ Մարշալ կենտրոնը` նշելով, որ «Հայկական ոստիկանության մայոր Գեւորգ Ոսկանյանի դեմ մեղադրանքներն անհիմն են, նա ներգրավված չի եղել որեւէ տհաճ միջադեպի մեջ, որի պատճառով հեռացվեր դասընթացներից»:

Ինչ վերաբերում է մյուս հայազգի ոստիկանին, ապա, ինչպես նշեց Համլետ Գասպարյանը, Կենտրոնի նույն գրավոր պատասխանի մեջ մեր մյուս սպայի կապակցությամբ հայտնվում է, որ մայոր Արտեմ Հակոբյանը հաջողությամբ ավարտել է 2005թ. սեպտեմբերի 23-ից մինչեւ դեկտեմբերի 16-ը տեւողությամբ դասընթացներն ու վերադարձել Հայաստան, եւ Մարշալ կենտրոնին հայտնի չեն վերջինիս հետ կապված որեւէ դեպք: «Ջորջ Մարշալի անվ. Անվտանգության խնդիրների ուսումնական Եվրոպական կենտրոնի ղեկավարությունը որեւէ նկատողություն չի արել ՀՀ ՊՆ-ի որեւէ ներկայացուցչի նկատմամբ», նշվում է հայտարարության մեջ: Ինչպես նշել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարը, այն փաստը, որ ադրբեջանական կողմը հերթական անգամ փորձում է ամեն գնով վարկաբեկել միջազգային դասընթացներին մասնակցող հայ սպաներին, կրկին անգամ ապացուցում է, որ Ադրբեջանում հայատյացության քաղաքականությունը հասցված է պետական մակարդակի եւ դա արվում է ծրագրված ու հետեւողական: Եվ այս լույսի տակ բոլորովին էլ պատահական արարք չի թվում Բուդապեշտում Ադրբեջանի «ազգային հերոսի» կողմից հայ սպայի վայրենի սպանությունը:

Հիշեցնենք, որ «Azeri-press» լրատվական գործակալությունը մարտի 15-ին երկու ինֆորմացիա էր տարածել. առաջինում ասվում էր, որ «Ջորջ Մարշալի անվան Անվտանգության հարցերով եվրոպական կենտրոնի դասընթացներ անցնող հայ սպան փորձել է բռնաբարել ուկրաինայի ներկայացուցիչ, ոստիկանության կապիտան Նատալիա Կոստրոմային», երկրորդում ասվում էր, որ «մայոր Արտյոմ Հակոբյանը կոպիտ է արտահայտվել Վրաստանի մասին: Բանակցությունների ժամանակ նա հայտարարել է, որ Վրաստանի Սամցխե-Ջավախք շրջանը պատմականորեն հանդիսանում է Հայաստանի մաս եւ, որ պաշտոնական Թբիլիսին «ԱՄՆ ժանդարմն է» տարածաշրջանում»: