18 մարտի 2006 - 12:31 AMT
ԵՄ հատուկ ներկայացուցիչը հավատում է, որ ղարաբաղյան խնդիրը հնարավոր է կարգավորել 2006 թվականին
Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցչի մանդատն ընդլայնվել է: Այդ մասին նախօրեին Բաքվում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին: «Մասնավորապես, իմ մանդատն ընդլայնվել է լիազորությունների ավելացման առումով` «սառեցված հակամարտությունների» կարգավորման ուղղությամբ: Ես ուշադիր կհետեւեմ բախումնային իրավիճակների բոլոր ասպեկտներին, որից հետո հանձնարարականներ կպատրաստեմ ԵՄ ղեկավարության համար»,-ասել է նա` նշելով, որ ԵՄ աջակցությունը Հարավային Կովկասի հակամարտությունների հանգուցալուծմանը կարող է կայանալ դիտորդական առաքելությունների գործուղման, խաղաղապահ ներկայության կամ տարածքների վերականգնման մեջ: Պ.Սեմնեբին հաղորդեց նաեւ, որ 2006 մարտի 1-ից Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի գրասենյակը Ֆինլանդիայից կտեղափոխվի Բրյուսել, ինչը բացատրվում է տարածաշրջանի հանդեպ ԵՄ հետաքրքրության բարձրացման հետ: Ըստ Պ.Սեմնեբիի, դրա պատճառները մի քանիսն են: Առաջինը, շուտով Եվոպայի 2 նոր պետություն կդառնան ԵՄ լիիրավ անդամ: Դրանք երկուսն էլ ելք ունեն դեպի Սեւ ծով, ինչն, ըստ Պ.Սեմնեբիի կարեւորվում է, քանի որ «Բրյուսելի համար «Սեւ ծով հասկացությունը շատ ընդլայնված է»: Պետք չէ մոռանալ նաեւ Թուրքիայի մասին, որն անմիջական սահմաններ ունի տարածաշրջանի պետությունների հետ եւ նույնպես բանակցություններ է սկսել ԵՄ-ին անդամակցելու շուրջ, ավելացրել է նա:

Երկրորդը, նշել է Պ.Սեմնեբին, ԵՄ-ն շարունակում է Եվրոպական հարեւանության քաղաքականությունն, որի շրջանակներում շուտով կնախապատրաստվի տարածաշրջանի բոլոր երեք պետությունների Գործողությունների ծրագրերը: «Դեռեւս երկրներից ոչ մեկը Գործողությունների ծրագիր չի պատրաստել»,-ասել է նա` նշելով, որ իրագործելով այդ փաստաթղթերը, տարածաշրջանի պետությունները կհամապատասխանեն ԵՄ չափանիշներին: Պ.Սեմնմեբին նաեւ անդրադարձել է մայիսի 13-ին կայանալիք Ադրբեջանի միլի մեջլիսի կրկնական ընտրություններին` նշելով, որ եթե նույնիսկ ԵՄ դիտորդներ գործուղելու վերաբերյալ որոշում չկայացվի, Բրյուսելը այնուամենայնիվ իր գնահատականը կտա քվեարկությանը: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ԵՄ հատուկ ներկայացուցիչը նշել է, որ հավատում է նրան, որ դեռեւս այն կարգավորելու շանս կա 2006 թվականին, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը: