18 մարտի 2006 - 14:37 AMT
Ապրիլի 17-ին եւ 24-ին Կալիֆորնիայում կցուցադրվեն ֆիլմեր Հայոց ցեղասպանության մասին
Հարավային Կալիֆորնիայի համայնքի հեռուստահաղորդումների KCET կայանը, որը գտնվում է Հոլիվուդի հայտնի Սանսեթ բուլվարում, նախատեսում է ապրիլի 17-ին ցուցադրել ֆրանսիացի ռեժիսոր Լորենս Ջորդանի «Հայոց ցեղասպանություն» փաստագրական ֆիլմը, որի անգլերեն տարբերակն, ըստ տեղեկատվության, առաջին անգամ կցուցադրվի ամերիկյան հեռուստատեսությամբ: Իսկ ապրիլի 24-ին երեկոյան ժամը 9-ին կցուցադրվի կանադահայ ռեժիսոր Հակոբ Կուտսուզյանի «Իմ որդին հայ է լինելու» ֆիլմը: «Մենք բազմաթիվ դրական արձագանքներ ենք ստացել առաջին ֆիլմի վերաբերյալ եւ որոշել ենք ցուցադրել այն ոչ թե ժամը 10-ին այլ երեկոյան ժամը 9-ին, որպեսզի, հնարավորինս, շատ մարդ կարողանան դիտել այդ կարեւոր ֆիլմը»,-ասել է KCET ծրագրման բաժնի գործադիր նախագահի տեղակալ Մարի Մազուրը: Երկրորդ ֆիլմը պատմում է 6 կանադահայերի Արեւմտյան Հայաստան կատարած այցելության մասին: KCET-ը հանդիսանում է KCET Հանրային հեռուստատեսության PBS ծառայության բաժանմունքներից մեկը, հաղորդում է «Ազգ» թերթը: