26 օգոստոսի 2013 - 15:01 AMT
Վաղը ոստիկանության շենքի մոտ ակցիա կանցկացվի

Օգոստոսի 27-ին ոստիկանության շենքի դիմաց տեղի կունենա ակցիա, այնուհետև երթ դեպի դատախազություն: Երթի կազմակերպիչները Ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով տեղեկացնում են, որ նման քայլով պահանջում են պատժել շաբաթ օրը Կոմիտասի 5 հասցեում տեղի ունեցած միջադեպի մեղավորներին.

«Օգոստոսի 24-ին Կոմիտասի 5 հասցեից 26 մարդ է բերման ենթարկվել, 16 մարդ էլ բերման է ենթարկվել երեկոյան ՝քաղաքապետարանի մոտից։ Այսինքն, ոստիկանությունը 40-ից ավել մարդու բերման է ենթարկել ոստիկանական բաժանմունք և երեք ժամ, երբեմն անգամ ավել, նրանց պահել անազատության մեջ։ Բացի դրանից ոստիականությունը բռնություններ է կիրառել քաղաքացիների նկատմամբ, կան լուրջ մարմնական վնասվաքներով քաղաքացիներ, նրանց թվում՝ Արգիշտի Կիվիրյանը։ Սա հստակ ռեպրեսիա է, որն արվում է քաղաքական հրամանով։ Ավելին, ոստիկանության անգործության պայմաններում քաղաքապետարանի հարակից տարածքում Միհրան Մարգարյանին և Բաբկեն Տեր-Գրիգորյանին կեսգիշերն անց ծեծել են:

Ոստիկանական նման գործելաոճի և բռնությունների զոհ կարող է դառնալ քաղաքացիական կեցվածք ունեցող ցանկացած մարդ»,-ասված է երթի կազամակերպիչների տարածած հաղորդագրության մեջ։