26 օգոստոսի 2013 - 16:35 AMT
Կրթօջախներին հարակից տարածքներում սեպտեմբերին հատուկ հսկողություն կսահմանվի

2013-2014 թվականների ուսումնական տարին մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում պատշաճ ձևով դիմավորելու նպատակով տարվել են համապատասխան նախապատրաստական աշխատանքներ: Այս մասին աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին է զեկուցել հանրակրթության վարչության պետը:

«Նոր ուսումնական տարին բարձր մակարդակով դիմավորելու և այդ օրերին երեխաների անվտանգությունն ապահովելու համար պետք է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր քայլերը: Այդ նպատակով մայրաքաղաքի փողոցներում, մասնավորապես՝ կրթօջախներին հարակից տարածքներում, ճանապարհային ոստիկանության հետ համատեղ սեպտեմբերի 1-ից 30-ը պետք է հատուկ հսկողություն սահմանենք»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետը հանձնարարել է մինչև օգոստոսի 30-ն ապահովել տարրական դասարանների աշակերտների անվճար դասագրքերի բաշխումը: Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաև հանրակրթական դպրոցների բուժկետերը համալրել առաջին բուժօգնության անհրաժեշտ դեղորայքով և պարագաներով: