27 օգոստոսի 2013 - 10:51 AMT
Կապանի նոր ավագ դպրոցը կշահագործվի հաջորդ տարի

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանըօգոստոսի 26-ին Կապանում ներկա է գտնվել մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների խորհրդակցությանը:

Nախորդ ուստարվա ընթացքում կատարված աշխատանքների ու անելիքների մասին հաշվետու զեկույցով հանդես է եկել Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Նաիրա Ավանեսյանը: Անցած ուսումնական տարում մարզում գործել է մարզային ենթակայության 112 հանրակրթական և 2 հատուկ դպրոցներ` 1015 դասարաններով, որոնցում սովորել է 14307 աշակերտ: Այս ուստարում նախատեսվում է մարզում կազմավորել 1014 դասարան` 14 460 աշակերտով: Մեկ դասարանի միջին խտությունը մարզի քաղաքային դպրոցներում կազմելու է 14,5, իսկ գյուղական համայնքներում` 5,8 աշակերտ:

Արձագանքելով հարցադրմանը, թե մարզի դպրոցների մեծ մասը կարիք ունեն լաբորատոր սարքավորումների և նյութատեխնիկական բազայի բարելավման՝ նախարարը նշել է, որ այս տարի հանրապետության գրեթե բոլոր դպրոցներն ապահովված կլինեն ինտերնետային կապով: Միաժամանակ նախարարը կոչ է արել դպրոցների տնօրեններին ակտիվ կապի մեջ լինել նախարարության հետ և ներկայացնեն ինտերնետային կապի որակի վերաբերյալ իրենց դիտողությունները, որպեսզի հնարավոր լինի վերահսկել ինտերնետ կապ մատուցող ընկերությունների աշխատանքը:

Խոսելով խնդիրների մասին՝ Ա. Աշոտյանը ընդգծել է, որ ամենալուրջ հարցը աշակերտական համակազմի նվազումն է, որից էլ ածանցվում է դպրոցների ֆինանսական վիճակի վատթարացումը: Սրանից բխում է նաև դպրոցներում ուսուցչական կադրերի ավելցուկի խնդիրը: Շեշտելով , որ հանրապետությունում ամենաշատ թվով ոսկե մեդալակիրներ ունեցող դպրոցը Սյունիքի մարզից է, դա Գորիսի թիվ 4 ավագ դպրոցն է, նախարարը նշել է, որ հնարավոր չէ ապահովել որակյալ կրթություն ՝ առանց բարձրակարգ մասնագետի:

Նախարարը տեղեկացրել է, որ «Դպրոցական սնունդ» ծրագրով կրտսեր դպրոցի երեխաներին տրվելու է անվճար սնունդ և միաժամանակ կոչ արել, որ գործընթացը կազմակերպվի ամենայն պատասխանատվությամբ: Արձագանքելով մարզի մի շարք դպրոցներից ստացված դիմումներին՝ Ա. Աշոտյանն առաջարկել է, որ դպրոցները իրենց հայեցողությամբ անցնեն 5-օրյա աշխատանքային շաբաթի:

Խորհրդակցության ավարտից հետո ՀՀ ԿԳ նախարարը այցելել է Կապանի թիվ 2 ավագ դպրոցի նոր կառուցվող մասնաշենք, ծանոթացել շինարարության ընթացքին: Կապանի թիվ 2 ավագ դպրոցը երկու տարի առաջ փլուզվել էր, այժմ կառավարության կողմից հատկացված միջոցներով նույն տեղում նոր դպրոց է կառուցվում: Այս ընթացքում Կապանի թիվ 2 ավագ դպրոցը դասընթացները կազմակերպել է Կապանի թիվ 1 և թիվ 6 դպրոցների մասնաշենքերում:

Նախարարին զեկուցվել է, որ դպրոցի կառուցումը ավարտին կհասցվի մեկ տարվա ընթացքում և հաջորդ սեպտեմբերիր 1-ին կրթօջախը պատրաստ կլինի շահագործման: