27 օգոստոսի 2013 - 12:04 AMT
Անդրիաս Ղուկասյան. Քաղաքացիների կողմից փողոցները փակելն անհրաժեշտ գործողություն է

Պաշտոնատար անձանց՝ իրենց լիզորություններից դուրս կայացրած ապօրինի որոշումների դեմ քաղաքացիների անհնազանդությունը արդար է և օրինական։ Նման հայտարարություն է տարածել ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը:

«Քաղաքացիների կողմից մայրաքաղաքի փողոցները փակելն անհրաժեշտ գործողություն է՝ հանրության շահի դեմ կատարվող ոտնձգությունները կասեցնելու համար։ Այդ, առանց բռնության իրականացվող բողոքի ակցիաները, բնավ ուղղված չեն ոստիկանների կյանքին, առողջությանը և արժանապատվությանը վնաս պատճառելուն։ Ուստի, ոստիկանությունը պարտավոր է հանդուրժողական վերաբերմունք ցուցաբերել քաղաքացիների խաղաղ բողոքների դրսևորմանը և զերծ մնալ ուժի կիրառումից:

Իրավունքի գերակայության սկզբունքին անվերապահորեն հետևելը ոստիկանության կողմից բարի կամքի դրսևորում չէ, այլ պարտականություն։ Յուրաքանչյուր ոք, ով պատրաստ չէ ենթարկվել այդ սկզբունքին, իրավունք չունի կրելու ոստիկանի բարձրագույն կոչումը։ Քաղաքացիական շարժումների դեմ այսուհետ ուժ կիրառելու սպառնալիքը իշխանական վերնախավի հեռահար նպատակներ հետապնդող քաղաքական որոշում է, որը, սակայն, չի կարող կասեցնել քաղաքացիական շարժման հետագա զարգացումն ու քաղաքացիների անհնազանդության դրսևորումները իշխանությունների անօրինական որոշումների դեմ։

Քաղաքացիական շարժման հիմքն է հանդիսանում քաղաքացիների խորին համոզմունքը, ըստ որի Հայաստանի կարևորագույն խնդիրն է` վերացնել Սերժ Սարգսյանի գլխավորած քրեաօլիգարխիկ համակարգը։ Քաղաքացիական շարժման դեմ բռնություն կիրառելու որոշումը նաև կհարկադրի հանրությանը դիմել համաչափ ինքնապաշտպանական միջոցների՝ քաղաքացիների կողմից կամավոր իրավապահ մարմնի ստեղծմանը։ Հասարակական կարգը պահպանելու` ոստիկանության պարտականությունը իրացվելի է ոչ թե ուժի սպառնալիքով, այլ քաղաքացիական շարժման հետ համագործակցության ճանապարհով։ Այդ հնարավորությունը ոստիկանությունը կարող է ձեռք բերել միայն թոթափվելով քրեական օլիգարխիայի քաղաքական պատվերները կատարելու բեռից»,- ասված է հայտարարության մեջ: