27 օգոստոսի 2013 - 13:02 AMT
Սեդրակյանի փաստաբան. Հարձակումը կատարվել է Հայրիկյան քաղաքական գործչի՞, թե՞ քաղաքացու դեմ, վիճելի է

Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասությունների դատարանում այսօր շարունակվեց ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով դատական նիստը: Այն մեկնարկեց նախագահի մեկ այլ նախկին թեկնածու, մեղադրյալ Վարդան Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի պաշտպանական ճառով:

Սեդրակյանի պաշտպանն անդրադարձավ մահափորձի շարժառիթներին, որոնք քաղաքական մահափորձի դեպքում երկուսն են՝ վրեժը կամ շահը: «Պարույր Հայրիկյանի վրա կատարվել է հարձակում, փաստ է: Սակայն հարձակումը կատարվել է Պարույր Հայրիկյան քաղաքական գործչի՞, թե՞ քաղաքացու դեմ, վիճելի է: Հարձակումը կատարվել է Հայրիկյանի սպանությա՞ն նպատակով: Վիճելի է, ապացույցներ չկան»,- ասաց նա և շեշտեց, որ դատարանում չի պարզվել նաև Սեդրակյանի մոտիվացիան: Նա թվարկեց հնարավոր շարժառիթները, որոնք Սեդրակյանի դեպքում բացակայում են և դատախազի կողմից նույնիսկ չեն ներկայացվել: «Թե ո՞ւմ էր ձեռնտու Պարույր Հայրիկյանի վրա հարձակումը, քննությունը պատասխան չտվեց»,- ասաց նա և հավելեց, որ չապացուցվեց, որ հարձակումը կատարվել է քաղաքական գործիչ Հայրիկյանի, ոչ թե քաղաքացի Հայրիկյանի վրա:

Ըստ Վարդան Սեդրակյանի պաշտպանի` ենթադրություններ շատ կան, իսկ ապացույցներ` ոչ. «Մեղադրանքը հիմնված է ենթադրությունների վրա: Միայն այն, որ Հայրիկյանը նախագահի թեկնածու է, դեռ չի նշանակում, որ հարձակումը տեղի է ունեցել քաղաքական դրդապատճառներով: Քաղաքական սպանության փորձից եկանք սովորական սպանության փորձի: Որևէ մեկի մոտ զարմանք չի՞ առաջացնում, որ Պողոսյանն ու Հայրիկյանը նույն դեպքի մասին պատմում են երկու տարբեր պատմություն, իսկ քննչական փորձաքննություն այդպես էլ չարվեց»:

Ալեքսանդր Սիրունյանը նշեց, որ մեղադրողը ենթադրություններ անելու իրավունք ունի, դատարանը` ոչ: «Ենթադրություններից բացի որևէ ապացույց չունի մեղադրող կողմը Վարդան Սեդրակյանի՝ սպանության փորձին առնչություն ունենալու վերաբերյալ»,- ընդգծեց նա:

Սիրունյանը տարակուսանք հայտնեց, որ հաշվի չի առնվում այն վարկածը, որի Հայրիկյանին պարզապես ցանկացել են վաղեցնել, ինչի մասին իրենց տված ցուցմունքներում հայտարարել են երկու ամբաստանյալները: «Տուժող կողմի տրամաբանությունը մեզ հասկանալի է առանց սարկազմի: Ըստ Պարույր Հայրիկյանի` նրան տարիներ շարունակ ուզել են սպանել, այս անգամ էլ են ուզել: Բայց վախեցնելու վարկածը, կներեք, տուժող կողմի տրամաբանության մեջ չի տեղավորվում: Ուզում էր սպանել, և վերջ: Միամիտ չենք, հասկանում ենք, որ վախեցնելու համար Սեդրակյանին դատել չեք կարող»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ հունվարի 31-ին ժամը 23:30-ի սահմաններում, Կենտրոն վարչական շրջանում` Տպագրիչների փողոցում Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր իրականացվել: ԱԱԾ քննչական վարչությունում գործ էր հարուցվել: Փետրվարի 7-ին Հայրիկյանի գործով ձերբակալվել էին Երևան քաղաքում ոչ լեգալ կարգավիճակով գտնվող երկու կասկածյալ՝ 1966թ. ծնված, որոշակի զբաղմունք չունեցող, նախկինում թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար դատապարտված Խաչատուր Ալբերտի Պողոսյանը և 1972թ. ծնված, Սամվել Արամայիսի Հարությունյանը: Մարտի 5-ին Հայրկյանի գործով կալանավորվել էր նաև նախագահի մեկ այլ թեկնածու, էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանը: Նա մեղադրվում է մահափորձը պատվիրելու մեջ:

Վարդան Սեդրակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, առաջադրվելով 2013 թվականի փետրվարի 18-ին կայանալիք ընտրություններում ՀՀ Նախագահի թեկնածու, քարոզարշավի ընթացքում, իր մտերիմներ Սամվել Հարությունյանին և Խաչատուր Պողոսյանին 2013 թվականի հունվարի սկզբներին պատվիրել է «Ազգային Ինքնորոշում Միավորում» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահի մեկ այլ թեկնածուի` քաղաքական գործիչ Պարույր Արշավիրի Հայրիկյանի սպանությունը` նրա քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով: Այդ նպատակով զենք ձեռք բերելու համար հանցակիցներին Վարդան Սեդրակյանը տվել 1000 ԱՄՆ դոլար, ինչը Խաչատուր Պողոսյանը և Սամվել Հարությունյանը հավասարապես կիսել են միմյանց միջև։

Խաչատուր Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 1995-1996թթ. ՀՀ Բագրատաշեն համայնքի տարածքում քննությամբ չպարզած անձից ապօրինի կերպով ձեռք է բերել 1941թ. գործարանային արտադրության 7.62մմ տրամաչափի «HG 201» համարի «Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակ և այդ ատրճանակից կրակելու համար նախատեսված` 9 հատ 7.62մմ տրամաչափի փամփուշտներ, մինչև 2013թ. հունվարի 31-ը դրանք ապօրինի կերպով պահել է տանը:

Սամվել Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, իր ընկերոջ` Խաչատուր Պողոսյանի հետ, Հայաստանի Հանրապետության նախագահի` 2013թ. փետրվարի 18-ի ընտրություններում ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանից 2013թ. հունվարի սկզբներին ստանալով պատվեր` «Ազգային Ինքնորոշում Միավորում» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահի մեկ այլ թեկնածու, քաղաքական գործիչ Պարույր Հայրիկյանի սպանությունն իրագործելու վերաբերյալ, նրա քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով, տվել են իրենց համաձայնությունը և զենք ձեռք բերելու համար Վարդան Սեդրակյանից ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար: