27 օգոստոսի 2013 - 14:27 AMT
Բարձր առաջադիմություն ցուցաբերած աշակերտները հանդիպել են Սերժ Սարգսյանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է անցած ուսումնական տարում բարձր առաջադիմություն ցուցաբերած, ինչպես նաև տարբեր օլիմպիադաներում հաջողությունների հասած մայրաքաղաքի և մարզերի բազմաթիվ աշակերտների և ուսանողների:

Նախագահի նստավայրում, մասնավորապես, հյուրընկալվել են հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունների 2012-2013 ուսումնական տարվա մեդալակիր շրջանավարտները, 2013թ. դպրոցականների միջազգային առարկայական օլիմպիադաների մեդալակիրները, 2013թ. դպրոցականների միջազգային հինգ օլիմպիադաների մեդալակիրները, «Կենգուրու-2013» միջազգային մաթեմատիկական մրցույթի հաղթող և մարզերում ու տարիքային խմբերում լավագույն արդյունք ցուցաբերած աշակերտները, ինչպես նաև ՌԴ Կազան քաղաքում կայացած 27-րդ համաշխարհային ունիվերսիադայում մեդալներ շահած ՀՀ ուսանող մարզիկները: Հանդիպման ժամանակ նրանք ստացել են իրենց պարգևները՝ մեդալները, հավաստագրերը և Հանրապետության նախագահի կողմից նվերներ:

Նախագահը շնորհավորել է պարգևատրվածներին, մաղթել նոր հաջողություններ և պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին: