27 օգոստոսի 2013 - 15:09 AMT
Ծառուկյանն իր մտահոգությունն է հայտնել ուսման վարձերի հնարավոր բարձրացման կապակցությամբ

Այսօր Գագիկ Ծառուկյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Երևանի ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանի և ԲՈՒՀ-ի ղեկավար կազմի հետ: Հանդիպման հիմնական թեման նոր ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքներն են եղել: Որպես ԲՈՒՀ-ի կառավարման խորհրդի նախագահ` Գ. Ծառուկյանն իր մտահոգությունն է հայտնել ուսման վարձերի հնարավոր բարձրացման կապակցությամբ:

Ընդունելով, որ պետության կողմից անբավարար ֆինանսավորման պայմաններում, ընդհանուր թանկացումների ֆոնի վրա ԲՈՒՀ-երը ստիպված են եկամտի նոր աղբյուրներ հայթայթել, Գ. Ծառուկյանն ընդգծել է, որ ուսման վարձերի փոփոխությունը պետք է հասցվի նվազագույնի: Նա անթույլատրելի է համարել ներկայիս սոցիալական պայմաններում վարձավճարների որևէ կտրուկ բարձրացում:

«Ես պատրաստ եմ իմ անձնական միջոցների տրամադրմամբ շարունակել և ընդյալնել ԲՈՒՀ-ին ցուցաբերվող աջակցությունը: Ցանկացած շնորհալի ուսանողի կորուստ մեր երկրի ու մարզաշխարհի համար անթույլատրելի շռայլություն է»,- ասել է Գագիկ Ծառուկյանը:

Գագիկ Ծառուկյանն ընդգծել է, որ իր աջակցությունը այսուհետ ևս կրելու է շարունակական և նպատակային բնույթ: Նա «Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի տնօրինությանը հանձնարարել է մշակել ԲՈՒՀ-երում անվանական կրթաթոշակների, ուսանողներին և դասախոսներին հասցեական աջակցության և դրամաշնորհների ծրագրեր: Հատուկ ուշադրության են արժանանալու Երևանի ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը, Գյումրիի բարձրագույն ուսումնական հաստատությունները, ինչպես նաև այլ ԲՈՒՀ-երի լավագույն ուսանողները: