27 օգոստոսի 2013 - 16:49 AMT
Ալեքսանդր Կռիլով. Ադրբեջանի համար Իրանի ապակայունացման ցանկացած տարբերակ հղի է նոր սպառնալիքներով

Իրանի քաղաքականությունը թելադրված է այն հանգամանքով, որ Սիրիայում Ասադի տապալման ուժային սցենարի դեպքում կարող է սկսվել Իրանի միջուկային խնդրի ուժային լուծումը: Ուստի Թեհրանը սատարում է Սիրիայի ղեկավարությանը, ձգտում է զարգացնել հարաբերությունները Մոսկվայի հետ, որը Չինաստանի հետ միասին ՄԱԿ ԱԽ-ում հանդես է գալիս Սիրիայի գործերին արտաքին ռազմական միջամտության դեմ: Այդ մասին հայտարարել է Կովկասագետների գիտական ընկերակցության նախագահ Ալեքսանդր Կռիլովը: Ըստ նրա, ռուս-իրանական համագործակցության զարգացումը զսպում է այն հանգամանքը, որ Մոսկվան չի ցանկանում լրացուցիչ դժվարություններ ստեղծել իր համար ԱՄՆ հետ հարաբերություններում, ինչը վառ կերպով դրսևորվեց ռուսական C-300 համալիրներն Իրանին վաճառելուց հրաժարվելու մեջ: Մեկ այլ արգելք եղավ Մոսկվայի համար միջուկային զենքի հայտնվելու հավանականությունն Իրանի մոտ, քանի որ Մոսկվան դեմ է միջուկային զենքի հետագա տարածմանը:

«Ինչ վերաբերում է իրանա-ադրբեջանական հարաբերություններին, ապա դրանք լարված բնույթ են կրում, դա առաջին հերթին կապված է Հարավային Ադրբեջանի խաղաքարտի խաղարկման հետ արտաքին դերակատարների կողմից, ադրբեջանական տարածքն օգտագործելու նրանց ձգտմամբ՝ Իրանում ուժային սցենարի իրականացման դեպքում: Ակնհայտ է, որ եթե ռազմական գործողություններ սկսվեն, իրանա-ադրբեջանական հարաբերությունները նոր մակարդակի դուրս կգան: Ադրբեջանցի փորձագետներից շատերը շատ լավատեսորեն են գնահատում այդ սցենարն Ադրբեջանի համար և միանգամայն իրականանալի են համարում ադրբեջանցիների միավորումը մեր պետության սահմաններում՝ Իրանի օկուպացիայից կամ մասնատումից հետո: Չեմ կարող կիսել այդ լավատեսությունը: Հակառակը, Ադրբեջանի համար Իրանի ապակայունացման ցանկացած տարբերակ հղի է նոր սպառնալիքներով և մեծ խնդիրներով տարիներ շարունակ»,-ասել է ռուս փորձագետը, գրում է minval.az-ը: