20 մարտի 2006 - 13:55 AMT
Ադրբեջանցի զինծառայողները դատապարտվել են «հայկական հատուկ ծառայությունների հետ համագործակցության համար»
Հակահետախուզական միջոցառումների արդյունքում, որոնք անց են կացվել Ադրբեջանի պաշտպանության նախարարության N զորամասի կրտսեր սերժանտ, 1985 թվականի ծնված Բեքիրով Ռուսլան Հասան օղլուի գործով, որը իսկական զինվորական ծառայության է զինակոչվել Շամկիրի շրջանի շրջանային ռազմական կոմիսարիատի կողմից եւ հայկական ուժերի մոտ գերության մեջ է եղել անցյալ տարվա փետրվարի 15-ից մայիսի 7-ը, պարզվել է, որ նա «գաղտնի համագործակցության մեջ է եղել հայկական հատուկ ծառայությունների հետ», հաղորդում է ԱՊԱ գործակալությունը` վկայակոչելով Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարությունը: Պարզվել է, որ «2005 թվականի փետրվարի 15-ին N զորամասի ստորաբաժանման հրամանատար Ռուսլան Բեքիրովը, որին մոլորության մեջ են գցել հայերը եւ նախապես ձեռք բերված համաձայնության արդյունքում, գտնվելով Ադրբեջանի Հանրապետության անվտանգության ապահովմանն ուղղված մարտական ծառայության մեջ եւ շահադիտական նպատակներով օգտվելով իր ծառայողական դիրքից, իր ենթակայության տակ գտնվող շարքային 1986 թ. ծնված Աբդուլլաեւ Խայալ Իդրիս օղլուի եւ 1983 թվականի ծնված Թաղիեւ Հիքմետ Ադեմ օղլուի հետ դիմել են խմբակային դասալքության` նպատակ ունենալով անցնել թշնամու կողմը` դավաճանելով Հայրենիքին, վնասելով Ադրբեջանի պետական անվտանգությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը եւ պաշտպանունակությանը»:

Միջազգային Կարմիր Խաչի կոմիտեի (ՄԿԽԿ) միջնորդությամբ գերությունից վերադառնալուն պես Ռ.Բեքիրովը ճանաչեց «հայերի հետ իր համագործակցելու փաստը»: Սակայն, անցկացված միջոցառումների արդյունքում պարզվեց, որ Ռ.Բեքիրովի առաջին ցումունքները «եղել են հայկական հատուկ ծառայությունների մշակած ծրագրի մի մասը»: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Ռ.Բեքիրովը կամավոր բացահայտեց ճշմարտությունը: Պարզվեց, որ «գերության մեջ գտնվելիս գաղտնի համագործակցության համաձայնություն ստանալու համար հայկական հատուկ ծառայությունների աշխատակիցները նպատակամղված աշխատանք են տարել Ռ.Բեքիրովի, Խ.Աբդուլլաեւի եւ Հ.Թաղիեւի հետ»:

Այդ ընթացքում Ռ.Բեքիրովի հետ անց է կացվել 7 հանդիպում, գաղտնի համագործակցության նրա համաձայնությունը ամրագրվել է «նրա գրած պարտավորվածությամբ եւ տեսանկարահանումներով»: «Նրան շնորհվել է «Ռամին» հատուկ մականունը, նրա հետ համաձայնեցվել են կապը պահպանելու միջոցները: Յուրաքանչյուր կատարաված հանձնարարության համար հայերը նրան խոստացել են 3000-4000 ԱՄՆ դոլար: Որպես Ռուդիկ ներկայացած հայկական հատուկ ծառայությունների աշխատակիցը հրահանգել է Ռ.Բեքիրովին պայթյուններ կատարել Ադրբեջանի նախագահի ուղեւորման երթուղու, «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» նավթամուղի, գազատարի վրա եւ Հեյդար Ալիեւի անվան միջազգային օդանավակայանում, ինչպես նաեւ լուսանկարել տարբեր ռազմական-ռազմավարական օբյեկտներ եւ ուղարկել դրանք Հայաստան»:

Բոլոր նշված փաստերը լիովին ապացուցվել են քննության ժամանակ եւ դատարանում: Ադրբեջանի Հանրապետության Ծանր հանցագործությունների գծով դատարանի Ռազմական կոլեգիայի 2005 թվականի հոկտեմբերի 7-ի որոշմամբ Ռ.Բեքիրովը եւ Խ.Աբդուլլաեւը ԱՀ ՔՕ 274 (դավաճանություն հայրենիքին), 334,3 (դասալքությունը պատերազմական շրջանում եւ մարտական դիրքերում), 338,1 (մարտական հերթապահության կանոնների խախտում), 341,3 (լիազորությունների գերազանցում պատերազմական շրջանում կամ մարտական հանգամանքներում) հոդվածներով դատապարտվել են 12 տարվա, իսկ Հ.Թաղիեւը ԱՀ ՔՕ 274 (դավաճանություն հայրենիքին), 334,3 (դասալքություն պատերազմական շրջանում եւ մարտական դիրքերում) եւ 338,1 (մարտական հերթապահության կանոնների խախտում) հոդվածներով դատապարտվել են 11 տարվա ազատազրկման: