28 օգոստոսի 2013 - 12:58 AMT
Ամադո Բուդուն տպավորված է Հայաստան կատարած այցելությունից

Օգոստոսի 27-ին Արգենտինայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը հանդիպել է Արգենտինայի փոխնախագահ, Սենատի նախագահ Ամադո Բուդուի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև համագործակցության ընդլայնմանը, տարբեր բնագավառներում երկկողմ հարաբերությունների հետագա խորացմանն ու զարգացմանն առնչվող հարցեր։

Արգենտինայի փոխնախագահն իր տպավորություններն է կիսել ընթացիկ տարվա ապրիլին՝ ՀՀ նախագահի երդմնակալության առիթով Հայաստան կատարած այցելությունից։ Ամադո Բուդուն բարձր է գնահատել ՀՀ նախագահի և ԱԺ նախագահի հետ ունեցած հանդիպումներին ձեռք բերված պայմանավորվածությունները։

Մեծապես կարևորելով Արգենտինայի փոխնախագահի այցելությունը՝ դեսպան Մելիքյանը նշել է, որ այն նոր ճանապարհ հարթեց երկու երկրների միջև ձևավորված ավանդական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման և առավել խորացման համար։ Ըստ դեսպանի, այցը ևս մեկ անգամ ապացուցեց, որ առկա է չօգտագործված հսկայական ներուժ, որի կյանքի կոչման համար կան բոլոր անհրաժեշտ նախապայմանները։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարել են նաև առևտրատնտեսական և մշակութային բնագավառներում համագործակցության ակտիվացմանն ուղղված գործնական քայլերի ձեռնարկման և համատեղ ծրագրերի իրականացման հարցերին, հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից: