28 օգոստոսի 2013 - 14:15 AMT
Ոստիկանությունն արձագանքում է ՄԻՊ ներկայացուցչի հայտարարությանը` այն համարելով հապճեպ և կանխակալ

Ոստիկանությունը արձագանքել է Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Աննա Սաֆարյանի՝ Երևանի Կոմիտասի 5 հասցեում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ այսօր արած հայտարարության վերաբերյալ: «Մտահոգիչ է, երբ ՄԻՊ–ի նման հեղինակավոր կառույցի ներկայացուցիչն է հապճեպ գնահատական տալիս ու կանխակալ վերաբերմունք արտահայտում:

ՄԻՊ խորհրդական Աննա Սաֆարյանը հայտարարություն է տարածել Կոմիտասի պողոտայում «լրագրողների տեսախցիկի ֆիքսած» դրվագի վերաբերյալ, երբ, ըստ իրեն՝ ոստիկանը «թիկունքից փաթաթվել» ու համբուրել է «քաղաքացիական պայքարի մասնակցող կնոջ» պարանոցը: Խորհրդականի եզրահանգումը միանշանակ է՝ «Նման երևույթը կարող է ակնհայտորեն բնորոշվել որպես սեռական ոտնձգություն՝ հետագա իրավական հետևանքներով: Պահանջում ենք…» և այլն, և այլն:

Երբ քաղաքացիներն են շտապում կարծիք հայտնել այս կամ այն երևույթի վերաբերյալ, ինչ-որ տեղ հասկանալի է, բայց երբ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի պես հեղինակավոր կառույցի ներկայացուցիչն է հապճեպ գնահատական տալիս ու կանխակալ վերաբերմունք արտահայտում, մտահոգիչ է:

Խորհրդականի հայտարարությունից երկու օր առաջ արդեն իսկ տեղեկացրել էինք, որ տեսագրությունն ուսումնասիրվում է: Ոստիկանության պետի ցուցումով՝ ոստիկանության հիշյալ ծառայողի լիազորությունները դադարեցվել են: Եզրակացությունները կկատարվեն լիարժեք և ամբողջական ուսումնասիրությունների հիման վրա:

Ոստիկանությունը մեկ անգամ ևս հիշեցնում է, որ հավատարիմ է իր ռազմավարությանը. ոստիկանության ծառայողի ցանկացած գործողություն, որ դուրս է իր լիազորությունների շրջանակներից, կարժանանա համարժեք գնահատականի»,- ասված է ոստիկանության պատասխան հայտարարության մեջ: