28 օգոստոսի 2013 - 15:13 AMT
Վեհափառ Հայրապետը հանդիպել է «Կենգուրու» մրցույթի հաղթողներին

Օգոստոսի 27-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունեց «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթում Հայաստանի հաղթողներին և ՀՀ մարզերում ու Արցախում լավագույն արդյունքները արձանագրած դպրոցականներին:

Մրցույթի կազմակերպիչ «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տ. Մեսրոպ քահանա Արամյանն Ամենայն Հայոց կաթողիկոսին ներկայացրեց 2013 թ. «Կենգուրու» մրցույթի գրանցված գոհացուցիչ արդյունքները, ապա մրցույթի մասնակիցների և կազմակերպիչների անունից երախտագիտություն հայտնեց Վեհափառ Հայրապետին` ամեն տարի ավանդաբար երիտասարդներին ընդունելու և իր հայրական պատգամը փոխանցելու համար:

Նորին Սրբությունը մրցույթի հաղթողներին հորդորեց առավել նախանձախնդրությամբ ու ջանասիրությամբ շարունակելու գիտելիքներ ամբարելը` հայրենիքին ամուր հենարան լինելու համար: