20 մարտի 2006 - 16:41 AMT
Միջանձնային մակարդակի վրա վրացիներն ու ռուսները ոչ մի խնդիր չունեն
Վրաստանը վարում է փոխլրացման քաղաքականություն, որը նախատեսում է նորմալ հարաբերություններ ինչպես տարածաշրջանի, այնպես էլ հեռավոր արտերկրի բոլոր երկրների հետ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռեվազ Գաչեչիլաձեն: Նրա խոսքերով, միջանձնային մակարդակի վրա վրացիներն ու ռուսները ոչ մի խնդիր չունեն:
«Սակայն քաղաքականությունը երբեմն հակասում է առանձին անձանց շահերին եւ դրանից տուժում են ժողովրդները: Վրաստանը դժգոհ է Ռուսաստանի խաղաղապահ գործունեությունից վրաց-օսական եւ վրաց-աբխազական հակամարտությունների գոտում: Խաղաղապահները պետք է խաղաղություն հաստատեն տարածաշրջանում, փոխարենը նրանք անցել են անջատողականների կողմը եւ ռուսական քաղաքացիություն շնորհել Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի քաղաքացիներին»,-ասել է նա:

Դեսպանը նաեւ նշել է, որ դեռեւս 1994 թվականին Վրաստանը ներկայացրեց Հարավային Օսեթիայում հակամարտության կարգավորման ծրագիր, որը ԵԱՀԿ հավանությունն էր ստացել: «Ծրագրով իրավական կարգավիճակ է նախատեսվում Հարավային Օսեթիայի համար, սակայն Վրաստանի կազմում: Վրաստանի համար չափազանց կարեւոր է, որ այդ ծրագիրն իրագործվի, քանի որ այն հաշվի է առնում առաջին հերթին օս բնակչության շահերը: Սակայն ռուս դիվանագետներն ասում են, որ նրանք ծանոթ չեն այդ ծրագրին: Ես պետք է ընդգծեմ, որ փաստաթուղթն ուղղվել էր նաեւ ՀՀ ԱԳՆ»,-ասել է Գաչեչիլաձեն: