Նախագահը ԿԳՆ-ում էր. Նա տեղեկացրել է, որ այցելելու է ՀՀ նախարարություններ ու գերատեսչություններ

Նախագահը ԿԳՆ-ում էր. Նա տեղեկացրել է, որ այցելելու է ՀՀ նախարարություններ ու գերատեսչություններ

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Կրթության և գիտության նախարարություն, ծանոթացել աշխատանքային պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ, այնուհետև հանդիպում է ունեցել նախարարության ղեկավար անձնակազմի՝ փոխնախարարների, աշխատակազմի ղեկավարի, վարչությունների և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների հետ: Հանրապետության նախագահը նրանց հետ քննարկել է ոլորտի խնդիրները, իրականացվող աշխատանքների, այդ թվում՝ բարեփոխումների ընթացքը, հետաքրքրվել կրթական ոլորտի քաղաքականության համատեքստում հետագա անելիքների և գալիք ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքների մասին:

Նախագահը տեղեկացրել է, որ մոտակա ամիսների ընթացքում այցելելու է ՀՀ նախարարություններ ու գերատեսչություններ և նման հանդիպումներ է ունենալու նաև պետական այդ մարմինների ղեկավար անձնակազմերի հետ:

Սերժ Սարգսյանը Կրթության և գիտության նախարարության ղեկավար կազմի հետ հանդիպմանը խոսել է նախարարությունում և նրան ենթակա պետական հաստատություններում աշխատանքային պայմանների բարելավման, սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ պետական քաղաքականության առաջիկա ծրագրերի, մեր երկրում մրցունակ, որակյալ կադրեր պատրաստելու և միաժամանակ հայրենասեր քաղաքացիներ կրթելու ուղղությամբ ոլորտի պատասխանատուներից ակնկալիքների մասին:

«Կարծում եմ, տեղյակ եք, որ մենք 2014 թվականից անցնում ենք աշխատավարձերի ամենամյա բարձրացման գործելաոճին, եթե կարելի է այդպես ասել: Ընդ որում, բարձրանալու են և՛ նվազագույն աշխատավարձը, և՛ աշխատանքի համար վարձատրությունը: 2017թ. մենք հասնելու ենք 90 հազար նվազագույն աշխատավարձի: Հիմա մի փոքր դժվարանում եմ ասել, թե որքան է լինելու գլխավոր մասնագետի կամ բաժնի վարիչի աշխատավարձը, բայց վստահորեն կարող եմ ասել, որ 2014թ. հունվարի 1-ից, օրինակ, նախարարության գլխավոր մասնագետն ստանալու է 200-280 հազար դրամ աշխատավարձ, բաժնի պետը, եթե չեմ սխալվում, 280-350 հազար դրամ աշխատավարձ՝ կախված աշխատանքային ստաժից: Դա զուտ հաշվարկային աշխատավարձն է: Կարծում եմ, բնական է, որ դրան ավելանալու են նաև տնտեսումներից գոյացող պարգևատրումները, որոնք մշտապես կան:

Մենք պետք է կարողանանք այս միջոցներն օգտագործել արդյունավետ: Այսինքն, եթե մենք ավելացնում ենք միջոցները տեխնիկական վերազինման կամ ծրագրեր իրականացնելու համար, մի կողմից մենք այդ միջոցներով պետք է ավելի մեծ աշխատանք կատարենք, մյուս կողմից՝ այդ տեխնիկական զինվածությունը և մանկավարժի կամ պետական ծառայողի աշխատավարձի բարձրացումը պետք է բերեն արդյունքի՝ կարողանանք պատրաստել մրցունակ մասնագետներ: Կարծում եմ, մենք այստեղ դեռևս բավականաչափ անելիքներ ունենք»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---