Ինստրուկցիա. Ինչ անել, երբ ամառ է, Բաթումում ես ու պիտի հանգստանաս

Ինստրուկցիա. Ինչ անել, երբ ամառ է, Բաթումում ես ու պիտի հանգստանաս

PanARMENIAN.Net - Երբ ամռան վերջին ամսվա նախավերջին շաբաթվա ընթացքում հասկանում ես, որ ժամանակդ անվերադարձ անցնում է, իսկ դու դեռ դիմանում ես երևանյան շոգին, հասկանում, որ Շենգեն վիզայի ժամկետն արդեն լրացել է ու բացառում ես հանգիստը Թուրքիայում, ինչպես նաև այլ հեռու երկրներում, որտեղ մեկնելու համար ՀՀ քաղաքացուն վիզա պետք չէ, (օրինակ՝ Արգենտինա, Կուբա կամ Մադագասկար), հասկանում նաև, որ «լավ կլիներ, որ մոտիկ լիներ», միակ տարբերակը դառնում է Սև ծովը: Միանգամից սկսում ես հիշել՝ ինչպես էին բոլորը պատմում, թե «ինչեր են արել Բաթումում»... ընտրությունը կատարվում է միանգամից:

Ինչպես հասնել Բաթում

Բաթում կարելի է հասնել մի քանի տարբերակով. նախ՝ թանկը, բայց հարմարը. մեկնել Թբիլիսի, այնտեղից՝ ինքնաթիռով Բաթում: Հաջորդը «նոստալգիկ» ու դաժան տարբերակն է՝ Երևան-Բաթում գնացքով, մոտ 20 ժամ ճանապարհում, բազմաթիվ կանգառներով ու կեղտոտ անկողիններով: Եվ կա էժան, բայց երկար տարբերակ` մեքենայով ճանապարհորդելը դեռ ոչ ոք չի արգելել, եթե ունես քոնը՝ լավ է, նույնիսկ կարող ես գնալ Թբիլիսի, մի քանի օր մնալ, այնուհետև 5-6 ժամում հասնել Բաթում, իսկ եթե ոչ՝ Երևանից «սեզոնին» ամեն օր մոտ 40 միկրովտոբուս ու ավտոբուս է շարժվում, հիմնականում՝ գիշերը: Ճանապարհը մոտ 12 ժամ է, չնայած, վարորդի պդմամբ՝ «մի 9-10 ժամից ընդեղ ենք»: Ընթացքում՝ կանգառ Բորժոմիում (որ հայերը կարողանան ասել «Բորժոմիում էլ ենք էղել, մեր Ջերմուկը հազար գլուխ լավնա»): Ճանապարհն ամենահարթը չէ, իհարկե, բայց եթե նստած չես մեքենայի հետնամասում ու առհասարակ ճանապարհում կարողանում ես քնել՝ տանելի է:

Որտե՞ղ մնալ

Տարբերակներն անվերջ են ու առանց գնային սահմանափակման: Սկսած համացանցում առաջարկվող թանկ ու շատ թանկ հյուրանոցներից (մեկ գիշերվա համար 50.000 դրամից սկսած. գինը կարող է կես միլիոնն էլ գերազանցել), վերջացրած տնակներով ու վիլաներով, որոնց վարձակալության հայտարարությունների մի մասը համացանցում է, մյուսը՝ շենքերի պատերին, սյուներին ու ուղղահայց բոլոր հնարավոր այլ մակերեսներին: Ցանկալի է մնալու տեղ գտնել գնալուց գոնե 10 օր առաջ, բայց եթե չի ստացվել՝ մի հուսահատվեք, փողոցում չեք մնա. ավելին՝ հենց նույն օրն էլ մնալու տեղ կգտնեք:

Ո՞ւր գնալ

Բաթումը, ինչպես և Թբիլիսին, կարելի է կիսել երկու մասի՝ «մինչև Սահակաշվիլին» ու «Սահակաշվիլուց հետո»: Կա հին քաղաք ու կան նոր շինություններ՝ բարձրահարկներ ու ոչ այդքան բարձր շենքեր: Կան նաև շենքեր, որոնք իշխանափոխությունից արդեն մոտ մեկ տարի անց դեռ կիսակառույց են: Հին քաղաքը, ինչպես և Թբիլիսին, վերանորոգել են, ասֆալտը փոխարինել «բուլիժնիկներով»:: Մոտ 5 կմ ձգվող ափամերձ տարածքը բավականին լավ սարքած է: Այստեղ կարելի է գտնել ամեն ինչ՝ ժամանակավոր դաջվածք անողների, եգիպտացորեն ու պաղպաղակ վաճառողների, ակումբներ, ռեստորաններ, վոլեյբոլի դաշտեր, և, իհարկե, McDonald’s, որը, պատկերացրեք, ամենատպաորիչ շինություններից է: Եթե ուզում եք տեսնել՝ որտեղ է ավատրվում այս տուրսիտական «խրախճանքնը»՝ գնացեք Ճավճավաձե փողոց ու կանգեք հենց դրա մեջտեղում: Քաղաքում հեծանիվների վարձակալություն կա, ինչպես, օրինակ, Փարիզում՝ գնում ես 20 լարի (մոտ 5000 դրամ) արժողությամբ քարտ և հեծանիվը քոնն է 10 ժամով:

Ծովը

Որքան էլ լսեք, որ Բաթումը ծովափնյա քաղաք է, մի ալարեք ու քշեք դեպի 20 կմ հեռավորությամբ գտնվող Գոնիո կամ Սարփի. դրանք Վրաստանի ամենամաքուր ափերից են (Բաթումից մոտ 250 դրամով երթուղայիններ են տանում): Ափը քաղաքային է, այսինքն՝ անվճար, հովանոցն ու շեզլոնգը կարելի է վարձակալել տեղում՝ ժամավարձով կամ օրավարձով. վերջինի դեպքում «գին գցելուց» հետո այն մոտ 1000 դրամ կարժենա: Ի դեպ, Սարփիի մի մասը Թուրքիայի սահմանում է: Վրացական կողմում՝ սահմանից 100 մ հեռավորությամբ եկեղեցի է, որի զանգերին մի քանի րոպե տարբերությամբ հաջորդում է Թուրքիայում սահմանից 100 մ այն կողմ գտնվող մզկիթի նամազը: Այստեղ կարելի է նաև նշել, որ Բաթումում հանգստացողերն այնքան շատ են, որ ափը լեփլեցուն է անգամ թեթև անձրևի ժամանակ: Իմիջայլոց, ասում են՝ մի քանի տարի առաջ ծովն ավելի «նավթահոտ» էր...

Ինչ, որտեղ ու ինչքանով ուտել

Նախ գնացեք ձկան շուկա, ցանկալի է ցերեկվա ժամին: Ընտրեք, գնեք «ծովային կենդանուն» ու Բաթումի ռեստորաններից մեկում ձեր ցանկությամբ դրան կպատրաստեն ու տեղում կմատուցեն, իսկ կարժենա այդ ամենը 3000-ից՝ 5000 դրամ: Քաղաքում, բնականաբար, շատ է նաև վրացական խոհանոցը, կա նաև «ծովամթերքների» խոհանոց (մեծամասնության տերերը թուրք են): Քաղաքով մեկ սփռված են եգիպտացորենի վաճառողներն ու «ոտի_վրա_խաչապուրիանոցները»: Համոզված եղեք՝ սոված չեք մնա, իսկ եթե այդ ամենի հետ մեկտեղ ուզում եք հաճույք ստանալ, ապա ուղևորվեք Fanfan՝ ռեստորան-կաֆե, որը գտնվում է 1905-ին կառուցված շենքում. վերջինս պատկանում էր վրացի հայտնի գրող Չաբուա Ամիրեջիբիին:

Չ’ծովը

Ում հարցնես՝ ինչով կարելի է զբաղվել Բաթումում, բացի լողալուց, առաջին պատասխանը կլինի` «գնացեք Բուսաբանական այգի: Գիտե՞ք՝ ինչ վայր է՝ դրախտ: Ամենալավը Կովկասում: Չէ, ի՞նչ Կովկաս՝ աշխարհում. ավելին՝ ամենամեծը գալակտիկայում»: Բացի այգուց, որն իրոք տպավորիչ է, կարելի է այցելել նաև Ալիի և Նինոյի արձանը, որը նույնպես «ամենաշքեղ արձանն է, սրանից աշխարհում էլ չկա, համ էլ պտտվում է»: Կամ գնալ Բաթումի կինոթատրոն, որը, ինչպես և Երևանում, միակն է, բայց, ի տարբերություն Կինոմոսկվայի, այնտեղ զուգարանը մաքուր է:

Ամեն դեպքում՝ Բաթումում լավ է, բայց մեկ այցն ամբողջովին բավարար...

Վահան Ստեփանյան / PanARMENIAN Photo
18  hipsta_Բաթում
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---