20 մարտի 2006 - 19:26 AMT
Լիոնի նահանգապետը չկատարեց խոստումը եւ չարգելեց հակահայկական ցույցը
Մարտի 18-ին, մինչ Ֆրանսիայի տարբեր քաղաքներում տեղի էին ունենում հսկայական ցույցեր` ընդդեմ «Աշխատանքի առաջին պայմանագրի», մի քանի հազար թուրք ցուցարարներ Լիոնում ցույցի դուրս եկան` պահանջելով անվավեր ճանաչել քաղաքի կենտրոնական հրապարակներից մեկում Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձան կանգնեցնելու ծրագիրը: Թուրք ցուցարարների դեմ դուրս եկան շրջանում գտնվող ֆրանսիացի ցուցարարներ եւ արգելք հանդիսացան նրանց` քաղաքապետարան գնալուն: Թուրքերը հարձակվեցին ֆրանսիացիների վրա, եւ ոստիկանությունը արցունքաբեր ռումբեր արձակեց` ցրելու համար ցուցարարներին: Ֆրանսիական եւ միջազգային մամուլը լայնորեն անդրադարձավ բախման լուրին` ընդգծելով, որ ընդհարումը տեղի է ունեցել ֆրանսիացի եւ թուրք ցուցարարների միջեւ: Մինչդեռ թուրքական «Հուրիյեթ» թերթը մարտի 19-ի համարում գրել է, թե հայերը միտումնավոր կերպով եկել են ցույցի վայրը` թուրքերի հավաքը խանգարելու, եւ որ «3 հայ հարձակվողներ վիրավորվել են»: «Ազդակը» մարտի 19-ին կապվեց Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Հիլդա Չոպոյանի հետ:

Նրա խոքերով, Լիոնի նահանգապետը խոստացել էր արգելել Ցեղասպանության հուշարձանի կանգնեցման դեմ ցույցը, որի հետեւում կանգնած էին Լիոնի թուրք հյուպատոսը եւ «Գորշ գայլերը», բայց մարտի 17-ին հանկարծ հայտարարել էր, թե ցույցը չի արգելվելու: Նահանգապետն այդ որոշումը կայացրել էր` չնայած այն բանին, որ անցած շաբաթվա ընթացքում Լիոնի ամբողջ քաղաքական դասը գրավոր ու բանավոր կերպով կոչ էր ուղղել` արգելելու ցույցը:

Հ. Չոպոյանն կարծում է, թե, հավանաբար, ներքին գործերի նախարարության ճնշման ներքո նահանգապետը որոշել է չարգելել հակահայ ցույցը` բացատրելով, թե այդ ցույցի ընթացքում Հայոց ցեղասպանությունը ուրացող պաստառներ ու կարգախոսներ չեն լինելու: Չնայած այդ հայտարարություններին, մարտի 18-ին հարյուրավոր թուրք ցուցարարներ փողոց դուրս եկան Ցեղասպանությունը ուրացող պաստառներով եւ հայհոյանքներով: «Հայ երիտասարդները հասկացրեցին ոչ հեռու հանրքավե կազմակերպած ֆրանսիացիներին գործի էությունը, որնք սկսել են թուրքերին գոռալ. «Դուք ֆաշիստներ եք, Ֆրանսիան ձեր տեղը չէ», «Մենք բոլորս հայեր ենք» եւ այլն: Թուրքերի արձակած քարերից վիրավորվեց շրջանի վաճառատներից մեկի տերը: Թուրքական թերթը ստում է, հայ վիրավորներ չեն եղել: Մարտի 19-ին մեծ թվով հայեր հավաքվեցին Լիոնի «Պրոգրե» թերթի խմբագրության առջեւ` բողոքելով Ցեղասպանությանը նվիրված հուշարձանի կանգնեցման դեմ արտահայտվող հոդվածների վերաբերյալ, որոնք լույս էին տեսել այդ թերթում: Տեղի ունեցավ հանդիպումը նաեւ թերթի խմբագրի հետ, որն ասաց, թե թերթը դադարեցնելու է հակահայ հոդվածներին տեղ տալու քաղաքականությունը»,-ասել է Հ.Չոպոյանը, նշելով, որ մարտի 20-ին Լիոնում տեղի է ունենալու մամլո ասուլիս վերջին օրերին արձանագրված զարգացումների մասին: Նա ընդգծեց, որ մերժելի են Հայոց ցեղասպանությունն ուրացող ցույցերը, հատկապես երբ Ֆրանսիայի պետությունը եւ ժողովուրդն իր կեցվածքը հստակեցել է այդ հարցի շուրջ: Հ. Չոպոյանը շեշտեց, որ համայնքը լուռ չի մնալու կատարվածի մասին: