ԿԽՄԿ. Ադրբեջանցին ազատ է եղել հայրենադարձվելու կամ երրորդ երկիր տեղափոխվելու մասին իր կամքն արտահայտելու հարցում

ԿԽՄԿ. Ադրբեջանցին ազատ է եղել հայրենադարձվելու կամ երրորդ երկիր տեղափոխվելու մասին իր կամքն արտահայտելու հարցում

PanARMENIAN.Net - Օգոստոսի 26-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակներն այցելեցին ադրբեջանցի ռազմագերուն, ով 2012թ.-ի հուլիսից ազատազրկման մեջ էր Հայաստանում։

«Այցելության ընթացքում, որն իններորդն էր նրա ազատազրկման պահից, զուտ ընտանեկան բնույթի տեղեկություններ են փոխանակվել ազատազրկվածի և նրա ընտանիքի միջև»,- ասել է ԿԽՄԿ Երևանի պատվիրակության ղեկավար Լորենցո Կարաֆին։

«Նաև, այցելության ժամանակ ԿԽՄԿ-ի պատվիրակները գախնապահ քննարկել են գերու ազատ հայրենադարձվելու կամ երրորդ երկիր տեղափոխվելու վերաբերյալ հարցը»։

Օգոստոսի 30-ին Հայաստանի իշխանությունները տեղեկացրել են ԿԽՄԿ-ին, որ ադրբեջանցի ռազմագերին ազատ է արձակվել և մեկնել է երրորդ երկիր մեկ այլ միջազգային կազմակերպության հովանու ներքո։

Ավելի վաղ՝ օգոստոսի 20-ին, ԿԽՄԿ-ի պատվիրակներն այցելել են Ադրբեջանում օգոստոսի 8-ից գերության մեջ գտնվող հայ ռազմագերուն։ Օգտագործելով հնարավորությունը՝ նա հաղորդագրություն է փոխանակել ընտանիքի հետ։ Այցը կատարվել է համաձայն ԿԽՄԿ-ի ստանդարտ աշխատանքային ընթացակարգերի։

«Մինչդեռ, ԿԽՄԿ-ն շարունակում է ուղղակի և գաղտնի երկխոսությունը համապատասխան իշխանությունների հետ հայ զինվորի գերեվարմանն ու ներկալմանն առնչվող բոլոր հարցերի շուրջ»,- ասել է ԿԽՄԿ Բաքվի պատվիրակության ղեկավար Դենիս Դյուրանը։

ԿԽՄԿ-ն այցելում է ռազմագերիներին և ներկալված քաղաքացիական անձանց 1992 թվականից ի վեր՝ կապված Ղարաբաղյան հակամարտության հետ։ Այդ այցերի նպատակն է վերահսկել նրանց ազատազրկման պայմանները և ապահովել, որ նրանց հանդեպ դրսևորվի հարգալից վերաբերմունք՝ համաձայն միջազգային ստանդարտների։ Կողմերի պահանջով և ազատազրկվածի համաձայնությամբ՝ ԿԽՄԿ-ն, որպես չեզոք միջնորդ, կարող է աջակցել ռազմագերիների կամ ներկալված քաղաքացիական անձանց հայրենադարձմանը՝ գործողությունները համակարգելով հակամարտության կողմերի հետ։ ԿԽՄԿ-ի հանձնառության մեջ չի մտնում ազատազրկվածներին երրորդ երկիր տեղափոխելը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---