ԱՄՆ-ն «սահմանափակ հարձակում» կգործի Սիրիայի վրա

ԱՄՆ-ն «սահմանափակ հարձակում» կգործի Սիրիայի վրա

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղարՋոն Քերին Սիրիայի հարցով հրատապ հայտարարություն է արել։ Նա հայտարարել է, որ ԱՄՆ հետախուզական ծառայությունը անհերքելի փաստեր ունի, որոնք հաստատում է Բաշար Ասադի ռեժիմի մասնակցությունը օգոստոսի 21-ին Դամասկոսում քիմիական զենքի կիրառմանը։

«ԱՄՆ-ն չի կարող նման քայլն անպատիժ թողնել, հակառակ դեպքում սիրիական ռեժիմին կհետևեն նաև Իրանն ու ԿԺԴՀ-ն։ Հարձակման մասին փաստերը ստացվել են հազարավոր աղբյուրներից։ ԱՄՆ տվյալներով, օգոստոսի 21-ին քիմհարձակման արդյունքում 1429 մարդ է զոհվել, այդ թվում՝ 426 երեխա», - նշել է Քերին։

Պետքարտուղարը նաև տեղեկացրել է, որ Սիրիայի դեպքում ԱՄՆ-ն չի գործի Աֆղանստանի, Իրաքի ու Լիբիայի օրինակով։ Դամասկոսի վրա ռազմական հարձակումը, նրա խոսքով, սահմանափակ կլինի, մասնավորապես՝ վերգետնյա ուժեր չեն կիրառվի։ Թե կոնկրետ երբ կլինի հարձակումը Քերին չի տեղեկացրել։

Ջոն Քերին իր հայտարարությունն արել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ ԱՄՆ ԱԱԽ անդամների հետ հանդիպումից հետո։ Երեկ Պենտագոնի ղեկավար Չակ Հեյգելը հայտարարել էր, որ, չնայած բրիտանական խորհրդարանի որոշմանը՝ մերժել երկրի մասնակցության պլանը Սիրիայի վրա հարձակման հարցում, ԱՄՆ ղեկավարությունը շարունակում է միջազգային գործընկերներ փնտրել, որոնք պատրաստ կլինեն միանալ Բաշար Ասադի ռեժիմի վրա հարձակմանը։

«ԱՄՆ-ն ձգտում է միջազգային կոալիցիա ստեղծել, որը պատրաստ կլինի Սիրիայի դեմ գործողությունների»,— հայտնել էր Չակ Հեյգլը՝ հավելելով․ «ամեն երկիր ինքնուրույն որոշում կայացնելու իրավունք ունի»։ Նա չի մանրամասնել, թե կոնկրետ որ երկրներն արդյունքում կարողն են մտնել այդ կոալիցիա։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն ուրբաթ օրը հայտարարել էր, որ դաշինքը Ասադի ռեժինմի դեմ գործողությանը չի մասնակցի։ Դամասկոսի դեմ ուղղված ուժային հարձակման կողմնակիցները (բացի ԱՄՆ-ից) Ֆրանսիան ու Թուրքիան են։

Ռուսաստանին, որը կտրականապես դեմ է Սիրիայի վրա հարձակմանը, Քերին այսօր ՄԱԿ-ում «օբստրուկցիոնիզմ»-ի մեջ է մեղադրել։ Նա նշել է, որ այդ «երաշխավորված օբստրուկցիոնիզմը» խանգարում է Վաշինգտոնին ստանալ միջազգային կազմակերպության որոշումները։ Բայց նա հավաստիացրել է, որ դա չի խանգարի ԱՄՆ պլաններին։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---