ՆԱՏՕ. Դաշինքը դեռ չի միջամտի սիրիական հարցին ու չի պաշտպանի Թուրքիային Դամասկոսից

ՆԱՏՕ. Դաշինքը դեռ չի միջամտի սիրիական հարցին ու չի պաշտպանի Թուրքիային Դամասկոսից

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ չի տեսնում ՆԱՏՕ-ի լրացուցիչ դերը սիրիական հակամարտության մեջ: Միջազգային հանրությունը, ոչ թե ՆԱՏՕ-ն, պետք է արձագանքի Սիրիայում քիմիական զենքի օգտագործմանը, ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը՝ հավելելով, որ պատասխանատուները Սիրիայի իշխանություներն են: «Առանձին դաշնակիցների գործն է՝ ինչպես արձագանքել քիմիական զենքի կիրառմանը»,-ասել է Ռասմուսենը՝ նշելով, որ ՆԱՏՕ-ի առանձին անդամների ռազմական պատասխանի դեպքում կարող են օգտագործվել դաշինքի ենթակառուցվածքները:

Ռասմուսենը նշել է նաև, որ Թուրքիային պետք չէ պաշտպանել Սիրիայի կողմից հնարավոր հարձակումից այս փուլում, սակայն, եթե հարված հասցվի, դաշնակիցները կքննարկեն պատասխան քայլը: Ըստ նրա, այժմ «Պետրիոտ» ԶՀՀ-ները բավարար զսպող գործոն են Դամասկոսի համար:

Հնարավոր է, Թուրքիայի մտավախություններն անհիմն չեն, եթե հաշվի առնենք, որ ճգնաժամի հենց սկզբից երկու տարի առաջ Անկարան բազմիցս մտադրություն է հայտնել միջամտելու Ասադի ռեժիմի տապալման գործին և հորդորել է դա անել նաև միջազգային հանրությանը: Թուրքիայի իշխանությունները չեն կարծում, որ Սիրիան կարող է հարված հասցնել երկրին: Նման քայլեը Թուրքիայի վարչապետի քաղաքական հարցերով խորհրդական Յալչին Ակդողանը անվանել է «խելագարություն ու ինքնասպանություն»:

Անցած շաբաթ սկզբում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, իսկ ավելի ուշ նաև նախագահ Բարաք Օբաման հայտարարեցին, որ մտադիր են սահմանափակ հարվածներ հասցնել Սիրիային: Օբաման հայտարարեց, որ մտադիր է ստանալ Կոնգրեսի թույլտվությունը Բաշար Ասադի դեմ ռազմական գործողություն սկսելու համար: ԱՄՆ Կոնգրեսը այժմ արձակուրդում է: Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյները հայտնել է, որ գործընկերների հետ քննարկելու է Օբամայի առաջարկը, երբ օրենսդիրները վերսկսեն աշխատանքը սեպտեմբերի 9-ին:

Ըստ Սահմանադրության, մեկ այլ պետության պատերազմ հայտարարելու իրավունքով օժտված է Կոնգրեսը, սակայն նախագահը կարող է օգտագործել զորքերն արտերկրում 60 օրվա ընթացքում՝ 1973թ. Ռազմական լիազորությունների մասին օրենքի հիման վրա: Բիլլ Քլինթոնն, օրինակ, օգտվեց այդ օրենքից 1999թ., երբ հրամայեց ռմբակոծել Հարավսլավիան:

Սակայն Օբաման իրեն իրավունք է վերապահում ռազմական գործողություն սկսել նույնիսկ փաստաթղթի վերաբերյալ բացասական քվեարկության պարագայում, հայտնում է Fox News հեռուստաալիքը:

Ընդ որում ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ժամանակը գլխավորը չէ: «ԱՄՆ ԶՈւ շտաբերի պետերի կոմիտեի նախագահը զեկուցել է ինձ, որ մենք պատրաստ ենք հարված հասցնել ցանկացած պահի ըստ մեր հայեցողության,-ասել է նա:-Ավելին, նա մատնանշել է, որ այդ առաքելությունը կատարելու մեր կարողության համար ժամկետները առանձնակի նշանակություն չունեն: Դրանք նույնքան արդյունավետ կլինեն և վաղը, և հաջորդ շաբաթ, և մեկ ամիս անց»:

Սիրիայում ռազմական գրոծողության դեմ ի սկզբանե հանդես էին գալիս Ռուսաստանը, Իրանն ու Չինաստանը: Ավելի ուշ այդ գաղափարից հրաժարվեցին Գերմանիան ու Մեծ Բրիտանիան: ԱՄՆ-ին դեռևս սատարում է միայն Ֆրանսիան: Ռազմական միջամտությանը դեմ է նաև ԱՄՆ բնակչության մեծ մասը: EPSOS-ի այս շաբաթվա հարցումները վկայում են, որ հարցվածների միայն 20 տոկոսն է հավանություն տալիս նման գործողությանը:

Վերջին 30 տարում ԱՄՆ-ն 7 անգամ միակողմանի ռազմական գործողություններ է ձեռնարկել առանց ՄԱԿ ԱԽ հավանության՝ 1983թ. Գրենադայում, 1989թ. Պանամայում, 1998թ. Աֆղանստանում և Սուդանում, 20001թ. ՆԱՏՕ-ի հետ միասին Հարավսլավիայում, 2003-ին՝ Իրաքում, 2002-ից՝ Պակիստանում, Եմենում ու Սոմալիում: ԱԽ թույլտվությամբ ռազմական ուժ է օգտագործվել նաև Իրաքում 1990թ., Սոմալիում՝ 1993թ., Լիբիայում՝ 2011թ.:

Նշենք, որ իրանական ԶԼՄ-ները, Associated Press-ի վրա հղումով, մեջբերել են գրոհայինների խոստովանություններն առ այն, որ հենց իրենք են քիմիական զենք օգտագործել, ոչ թե Ասադը: Հաղորդագրության մեջ ասվում է, որ իբր գրոհայինների խումբը հարցազրույցի ժամանակ խոստովանել է, որ քիմիական աղետը Դամասկոսի արվարձաններում տեղի է ունեցել գրոհայինների կողմից թունավոր նյութերի սխալ օգտագործման հետևանքով, որոնք նրանց տրամադրել էր Սաուդյան Արաբիան: Սիրիայում գործող իշխող ռեժիմի հակառակորդները, հայտնելով, որ քիմիական զենքը ստացել են սաուդյան հետախուզության ղեկավար Բենդեր բին Սուլթանից, պարզաբանել են, որ անհրաժեշտ ուսուցում չեն անցել քիմիական զենքի հետ վարվելու վերաբերյալ: Նրանց խոսքով, այդ զենքը պետք է բաժին ընկներ «Ան Նուրսիի ճակատ» ահաբեկչական խմբավորմանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---