3 սեպտեմբերի 2013 - 13:02 AMT
Թուրքիայում դատում են 1997 թվականի ռազմական հեղաշրջման կազմակերպիչներին

Թուրքիայում սկսվել է 1997 թվականի ռազմական հեղաշրջման կազմակերպիչների դատավարությունը: Գործով անցնում է մոտ 100 բանակային պաշտոնյա: Առավել բաձրաստիճանը երկրի Գլխավոր շտաբի նախկին պետ Հաքքի Ղարադայն է, որը, ինչպես գտնում է հետաքննությունը, հանդիսանում է 16-ամյա վաղեմության այդ գործողությունների նախաձեռնողը: Ամբաստանյալների նստարանին է նաև ցամաքային զորքերի նախկին հրամանատար Էրդալ Սեյլանօղլուն, որը հրամայել էր տանկեր դուրս բերել փողոց:

1997թ. փետրվարին թուրք զինվորականները, դժգոհ լինելով հասարակության իսլամականացումից, ստիպեցին հրաժարական տալ այն ժամանակվա վարչապետ Նեջմեթին Էրբականին, իսկ հետո արգելեցին նրա Բարօրության կուսակցությունը: Կուսակցության անդամներ էին նաև ներկայիս վարչապետ Էդողանն ու նախագահ Գյուլը: Երկուշաբթի դատարանի շենքի մոտ մեղադրյալներին սատարելու էին հավաքվել ընդդիմադիր Թուրքիայի բանվորական կուսակցության անդամները: Նրանք ևս դժգոհ են երկրի իսլամականացման քաղաքականությունից, որն այսօր վարում են իշխանությունները: Բողոքի ցույցի պատճառով ոստիկանությունը շրջապատել էր Գեզի պուրակը և փակել Թաքսիմ տանող փողոցները:

Ցուցարարների մեծ խմբեր շարունակել են երթը Ստամբուլի կենտրոնական փողոցներով: Այդպիսի մի խմբի անդամներին ոստիկանությունը դուրս է մղել Թաքսիմից: Պարբերաբար հրապարակին են մոտենում պլաստիկ վահաններով ոստիկանական հատուկ ջոկատայինների ավտոբուսները:

Դեռևս իրավիճակը հրապարակում հանդարտ է, խոշոր միջադեպեր չեն եղել: Միայն Բեշիկթաշ շրջանում ուժայինները ջրցան մեքենաներ են կիրառել ամբոխը ցրելու համար: Գեզի պուրակում հերթապահում են քաղաքացիական հագուստով ոստիկանները: Խուսափելու համար մարդկանց մեծ կուտակումներից, իշխանությունները նաև դադարեցրել են մետրոյի գնացքների երթևեկությունը դեպի Թաքսիմ:

Չնայած, որ ակցիայի նպատակը խաղաղության կոչն է հայտարարվել, ցուցարարների մեծ մասը ավելի հաճախ է հակակառավարական կարգախոսներ վանկարկում՝ հորդորելով «ուս ուսի կանգնել ֆաշիզմի դեմ»: Ղեկավարման ֆաշիստական մեթոդների կիրառման համար նրանք մեղադրում են վարչապետ Էրդողանին:

Ցուցարարները դեմ են Թուրքիայի իսլամականացմանը և մեղադրում էին իշխանություններին քաղաքացիների անձնական կյանքին միջամտելու մեջ: Դժգոհություն է առաջացրել ցուցարարների շրջանում նաև Էրդողանի վարած արտաքին քաղաքականությունը: