Տորոնտոյում մեկնարկել է Զորյան ինստիտուտի Ցեղասպանության գծով 12-րդ միջազգային ծրագիրը

Տորոնտոյում մեկնարկել է Զորյան ինստիտուտի Ցեղասպանության գծով 12-րդ միջազգային ծրագիրը

PanARMENIAN.Net - Տորոնտոյում մեկնարկել է Զորյանի ինստիտուտի Հայոց ցեղասպանության գծով 12-րդ միջազգային ծրագիրը, որը ներառում է նաև մարդու իրավունքների խախտումները Սիրիայում, Եգիպտոսում և Մերձավոր Արևելքի ու Աֆրիկայի այլ երկրներում:

Ըստ gagrule.net-ի, այս տարի ծրագրին կմասնակցի 22 ուսանող 10 երկրից: Ուսանողներից շատերի համար ցեղասպանության և մարդու իրավունքների թեման իրենց ազգային ինքնագիտակցության մաս է կազմում. քրդերի, նիգերիացիների, պակիստանցիների, հայերի ու հրեաների համար:

Դասընթացի տնօրեն, Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր Ջոյ Ափսելը նշում է, որ հիանալի կլիներ միասին տեսնել ոճրագործների ու զոհերի ժառանգներին Հայոց ցեղասպանության վերաբերյալ խմբում՝ թուրքերին, քրդերին ու հայերին, որոնք ընդհանուր հետաքրքրություններ կգտնեին, ուսումնասիրելով կարծրատիպերը, հիշողությունը, ուրացումն ու հաշտեցումը՝ միմյանց տեսնելով մարդկության պրիզմայով:

Հայոց ցեղասպանության վերաբերյալ առաջին դասընթացը Զորյան ինստիտուտում կազմակերպվեց 2002թ. որպես փորձնական նախագիծ, որի համակարգողն էր Լորն Շիրինյանը: Նա ներգրավեց ուսանողների Հայաստանից, Ավստրալիայից, Կանադայից, Անգլիայից, Ֆրանսիայից, Ճապոնիայից ու ԱՄՆ-ից: Երեք ուսանողներ, որոնք մասնակցեցին փորձնական դասընթացին, հանդես եկան զեկույցներով Ցեղասպանությունների հետազոտման միջազգային ասոցիացիայի (IAGS) հեղինակավոր խորհրդաժողովում, որն անցավ Իռլանդիայի Հոլուեյ քաղաքում:

Զորյան ինստիտուտը միավորում է երկու շահույթ չհետապնդող հետազոտական ինստիտուտներ`. Քեմբրիջի, Մասաչուսեթս հիմնադրված 1982թ և Կանադայի Զորյանի ինստիտուտը , հիմնադրված 1984թ. Ինստիտուտի հետազոտությունները վերաբերում են հետևյալ երեք բնագավառներին`ցեղասպանության ուսումնասիրություններ, սփյուռքի ուսումնասիրություններ և Հայաստանի քաղաքականության ուսումնասիրություններ:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---