4 սեպտեմբերի 2013 - 14:47 AMT
ԱՄՆ Սենատն առաջարկում է 60-օրյա պատերազմ սկսել Սիրիայի դեմ

ԱՄՆ Սենատի արտաքին գործերի հանձնախումբն առաջարկում է ռազմական գործողությունը Սիրիայում սահմանափակել 60-օրյա ժամկետով, այն մեկ ամսով երկարացնելու հնարավորությամբ: Սենատորների առաջարկած նախագիծն արգելում է ցամաքային գործողություն անցկացնել:

«Մենք միասին դուրս եկանք այն հանգրվանի, որն անհրաժեշտ հիմքերն է տալիս նախագահին Ասադի ռեժիմի սեփական ժողովրդի դեմ քիմիական զենքի հանցավոր օգտագործմանն ի պատասխան գործողություն սկսել, միևնույն ժամանակ այն սահմանափակելով նեղ շրջանակներով, մասնավորապես, որոշակի ժամկետով»,-հայտարարել է հանձնախմբի նախագահ Ռոբերտ Մենենդեսը: Ինչպես ակնկալվում է, կոմիտեն քվեարկության կդնի բանաձևն այսօր, իսկ Սենատի ու Ներկայացուցիչների պալատի լիագումար կազմը կսկսի այն քննարկել սեպտեմբերի 9-ից ոչ շուտ:

Կոնգրեսում կան Սիրիային հարվածելու ինչպես կողմնակիցներ, այնպես էլ հակառակորդներ: Մասնավորապես, դեմ են մի շարք դեմոկրատներ, որոնք մատնանշում են պատերազմի անհաջող փորձն Իրաքում: 2003թ. Ջորջ Բուշ կրտսերի վարչակազմը Կոնգրեսից պահանջեց և թույլտվություն ստացավ ռազմական գործողություններ սկսել Իրաքում՝ ներկայացնելով սխալ հետախուզական տվյալներ այդ երկրում զանգվածային ոչնչացման զենքի առկայության վերաբերյալ: Օբամայի այս առաջարկությանը դեմ է Հանրապետական կուսակցության այսպես կոչված իզոլյացիոնիստների թևը, որի ներկայացուցիչները դեմ են ԱՄՆ լայն միջամտությանը արտասահմանյան երկրներում:

Անցած շաբաթ սկզբում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, իսկ ավելի ուշ նաև նախագահ Բարաք Օբաման հայտարարեցին, որ մտադիր են սահմանափակ հարվածներ հասցնել Սիրիային: Օբաման հայտարարեց, որ մտադիր է ստանալ Կոնգրեսի թույլտվությունը Բաշար Ասադի դեմ ռազմական գործողություն սկսելու համար: ԱՄՆ Կոնգրեսը այժմ արձակուրդում է: Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյները հայտնել է, որ գործընկերների հետ քննարկելու է Օբամայի առաջարկը, երբ օրենսդիրները վերսկսեն աշխատանքը սեպտեմբերի 9-ին:

Ըստ Սահմանադրության, մեկ այլ պետության պատերազմ հայտարարելու իրավունքով օժտված է Կոնգրեսը, սակայն նախագահը կարող է օգտագործել զորքերն արտերկրում 60 օրվա ընթացքում՝ 1973թ. Ռազմական լիազորությունների մասին օրենքի հիման վրա: Բիլլ Քլինթոնն, օրինակ, օգտվեց այդ օրենքից 1999թ., երբ հրամայեց ռմբակոծել Հարավսլավիան:

Սակայն Օբաման իրեն իրավունք է վերապահում ռազմական գործողություն սկսել նույնիսկ փաստաթղթի վերաբերյալ բացասական քվեարկության պարագայում, հայտնում է Fox News հեռուստաալիքը:

Ընդ որում ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ժամանակը գլխավորը չէ: «ԱՄՆ ԶՈւ շտաբերի պետերի կոմիտեի նախագահը զեկուցել է ինձ, որ մենք պատրաստ ենք հարված հասցնել ցանկացած պահի ըստ մեր հայեցողության,-ասել է նա:-Ավելին, նա մատնանշել է, որ այդ առաքելությունը կատարելու մեր կարողության համար ժամկետները առանձնակի նշանակություն չունեն: Դրանք նույնքան արդյունավետ կլինեն և վաղը, և հաջորդ շաբաթ, և մեկ ամիս անց»:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ Դաշինքը Ասադի ռեժիմի դեմ գործողությանը չի մասնակցի: ԱՄՆ-ից բացի, Դամասկոսի դեմ ուժային ակցիայի օգտին առավել եռանդով են հանդես գալիս Ֆրանսիան ու Թուրքիան, թեև ամենավճռական պահին նրանք կարող են փոշմանել: