4 սեպտեմբերի 2013 - 16:54 AMT
Մինսկն ու Աստանան ողջունում են Հայաստանի ձգտումը դեպի Մաքսային միություն

Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի ցանկությունը կարելի է միայն ողջունել: Այդ մասին լրագրողներին է հայտարարել Բելառուսի Ներկայացուցիչների պալատի միջազգային գործերի գծով մշտական հանձնաժողովի նախագահ Նիկոլայ Սամոսեյկոն, հայտնում է ԲԵԼՏԱ-ն: «Առաջին անգամ, եթե հիշողությունս չի դավաճանում, Հայաստանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու մտադրության մասին անցյալ տարվա ամռանը: Այն, որ մեկ տարի անց Հայաստանի ղեկավարությունն արդեն եկավ ՄՄ միանալու անհրաժեշտության մասին եզրակացության, կարելի է միայն ողջունել»,-ասել է պատգամավորը:

«Կարծում եմ, որ մենք օգնելու ենք Հայաստանի ՄՄ անդամակցելու ճանապարհին, իսկ հետագայում նաև Եվրասիական տնտեսական միության ճանապարհին»,-հայտարարել է Նիկոլայ Սամոսեյկոն:

Նա նաև նշել է, որ նախկին խորհրդային հանրապետություններից շատերի թվում նկատվում է այն գիտակցության միտումը, որ «քարերը հավաքելու» ու կորցրած տնտեսական կապերը վերականգնելու ժամանակն է: Ըստ պատգամավորի, դա վկայում է այն մասին, որ եվրասիական տնտեսական ինտեգրումն իրոք լուրջ ներուժ ունի:

Իր հերթին, Ղազախստանի տնտեսական ինտեգրման նախարար Ժանար Այտժանովան նույնպես նշեց, որ Աստանան սատարում է Ղազախստանի, Բելառուսի և Ռուսաստանի ՄՄ անդամակցելու Երևանի որոշմանը:

«Մենք սատարում ենք Հայաստանի ղեկավարության այս քաղաքական որոշմանը…Կարծում եմ, Ղազախստանի դիրքորոշման մասին կհայտարարվի ամենաբարձր քաղաքական մակարդակով, սակայն ընդհանուր առմամբ Մաքսային միությունը բաց կազմակերպություն է անդամակցության համար»,-ասել է չորեքշաբթի լրագրողներին Այտժանովան կառավարության նիստի ավարտին, հայտնում է «Նովոստի-Ղազախստանը»: Միևնույն ժամանակ, անդամակցությունը ՄՄ մի շարք պահանջների կատարում է ենթադրում:

Մասնավորապես, հավելել է նախարարը, «եթե կան օրենսդրական անհամապատասխանություններ, ապա այդ բացը պետք է շտկվի: Այտժանովան հիշեցրել է, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության մասին որոշումը կայացվելու է պետությունների ղեկավարների մակարդակով:

Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու իր ցանկության մասին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել նախաձեռնությանը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել այդ գործընթացին: Պուտինը հավելել է, որ ՌԵՈւ-ն կարող է մոտ 15 մլրդ ռուբլի ներդնել Հայաստանի երկաթուղային ցանցի զարգացման մեջ:

Մաքսային միությունն իր աշխատանքը սկսել է 2010 թվականին: Սկզբում միությանը անդամկցում էին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Հետագայում միությանն անդամակցելու մտադրության մասին հայտարարեցին նաև Ղրղզստանն ու Տաջիկստանը:

2008թ. փետրվարի 13-ին Հայաստանի երկաթուղին հանձնվեց «Ռուսական երկաթուղի» ՓԲԸ-ին՝ հավատարմագրային կառավարման 30 տարի ժամկետով՝ այն 10 տարով երկարացնելու իրավունքով: Այդ նպատակով երկրում ստեղծվեց «Հարավկովկասյան երկաթուղի» դուստր ձեռնարկությունը: