4 սեպտեմբերի 2013 - 17:00 AMT
ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ դասասենյակներին փոխարինելու են գալիս Ստեղծագործարանները

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքի դպրոցում բացվել է ժամանակակից կրթական միջավայրի բոլոր պահանջներին համապատասխանող դասասենյակ՝ Ստեղծագործարան: Նորարարական լուծումներով դասասենյակի ստեղծումը հնարավոր է դարձել ՎիվաՍել-ՄՏՍ-ի, «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի և Սարդարապատի դպրոցի համագործակցության շնորհիվ:

Այստեղ տեղադրվել է էլեկտրոնային գրատախտակ (smart board), ինչպես նաև 6 նոր համակարգիչ: Ստեղծագործարանը 30 աշակերտի համար նախատեսված լուսավոր մեծ սենյակ է, որտեղ հատուկ շարժական կահույքն աշակերտներին հնարավորություն է տալիս կատարել ինչպես անհատական, այնպես էլ զույգերով կամ փոքր ու մեծ խմբերով աշխատանք: Նման միջավայրը հնարավոր է դարձնում բազմանպատակ գործունեությունը և տարբեր աշխատանքների համադրումը: Մասնավորապես` համակարգչի օգտագործմամբ և տեխնոլոգիայի կիրառմամբ դասապրոցեսի կազմակերպումը, քննարկումն ու դասախոսությունը, ընթերցանությունն ու խաղը, ասվում է ընկերության մամլո հաղորդագրության մեջ:

«Երեխային տվեք հնարավորություն, և նա ինքը կբացահայտի իր ձիրքերը: Եթե մեզ հաջողվի կրթական միջավայրը դարձնել գրավիչ` արդյունքն իրեն սպասել չի տա: Մենք առաջնորդվում ենք այդ ուղղությամբ` վստահ լինելով, որ այսօր ներդրված ջանքերը չափազանց կարևոր են լինելու վաղվա համար: Կրթության հանդեպ մեր ազգի յուրահատուկ վերաբերմունքը պետք է օգտագործել նպատակային և լավ հող նախապատրաստել հմուտ մասնագետներ ունենալու համար»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Այս տարի, ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ, Հայաստանի մանուկներ հիմնադրամը շահագործման կհանձնի ևս մեկ ստեղծագործարան` Արագածոտնի մարզի Արտենի համայնքում։