4 սեպտեմբերի 2013 - 18:03 AMT
Հռոմի պապը դեմ է Սիրիային ռազմական հարված հասցնելու մտադրությանը

Վատիկանը կրկին պնդում է, որ համաձայն չէ Սիրիայի դեմ ռազմական հարվածին: Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել կաթոլիկներին և ոչ կաթոլիկներին մասնակցել իր նախաձեռնությամբ հայտարարված պասի օրվան ու հանուն խաղաղության աղոթքին, որը հայտարարվելու է շաբաթ օրը: Պապը հուսով է, որ մոտ 50 հազար մարդ կհավաքվի ամեն շաբաթ կազմակերպվող ընդունելությանը. «Թող խաղաղության մասին ճիչը տարածվի ողջ Երկիր մոլորակով»:

Ամբողջ աշխարհի եպիսկոպոսները հայտարարել են 4-ժամյա ժամերգությանը միանալու մտադրության մասին ի սատարումն Պապի ու խաղաղության:

Իր վերջին ելույթներում և Twitter-ում արված գրառումներում Հռոմի պապը կոչ է անում բանակցությունների միջոցով կարգավորել Սիրիայի հակամարտությունը՝ միևնույն ժամանակ դատապարտելով քիմիական զենքի կիրառումը:

Օգոստոսի 21-ին մի շարք ԶԼՄ-ներ հայտնեցին սիրիական կառավարության կողմից Դամասկոսի արվարձաններում քիմիական զենքի կիրառման մասին, որին զոհ գնաց 600 մարդ:

Սիրիայում արդեն երկու տարուց ավելի է շարունակվում են կառավարական ուժերի բախումները զինված ընդդիմության հետ: Ըստ ՄԱԿ տվյալների, Սիրիայում հակամարտության զոհերի ընդհանուր թիվը հասնում է 100 հազարի: Սիրիական իշխանությունները հայտարարում են, որ իրենց դիմակայում են լավ զինված գրոհայիններ:

Անցած շաբաթ սկզբում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, իսկ ավելի ուշ նաև նախագահ Բարաք Օբաման հայտարարեցին, որ մտադիր են սահմանափակ հարվածներ հասցնել Սիրիային: Օբաման հայտարարեց, որ մտադիր է ստանալ Կոնգրեսի թույլտվությունը Բաշար Ասադի դեմ ռազմական գործողություն սկսելու համար: ԱՄՆ Կոնգրեսը այժմ արձակուրդում է: Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյները հայտնել է, որ գործընկերների հետ քննարկելու է Օբամայի առաջարկը, երբ օրենսդիրները վերսկսեն աշխատանքը սեպտեմբերի 9-ին:

Օգոստոսի 30-ին նախագահ Օբաման օրենսդիրներին հարցում ուղարկեց՝ ռազմական գործողության թույլտվություն ստանալու ակնկալիքով: Ըստ բանաձևի նախագծի, Պենտագոնի խնդիրը լինելու է զրկել սիրիական ռեժիմը զանգվածային ոչնչացման զենք օգտագործելու հնարավորությունից: Փաստաթղթի նախագծում ռազմական գործողության անցկացումը հիմնավորվում է նրանով, որ սիրիական իշխանությունների գործողությունները խախտում են միջազգային նորմերը, մասնավորապես, քիմիական զենքի արգելման մասին կոնվենցիան ու ՄԱԿ ԱԽ 1540 բանաձևը: Միևնույն ժամանակ, փաստաթղթում ասվում է, որ հակամարտության կարգավորումը Սիրիայում կարող է միայն քաղաքական լինել:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ Դաշինքը Ասադի ռեժիմի դեմ գործողությանը չի մասնակցի: ԱՄՆ-ից բացի, Դամասկոսի դեմ ուժային ակցիայի օգտին առավել եռանդով են հանդես գալիս Ֆրանսիան ու Թուրքիան, թեև ամենավճռական պահին նրանք կարող են փոշմանել:

ԱՄՆ Սենատի արտաքին գործերի կոմիտեն առաջարկում է ռազմական գործողությունը Սիրիայում սահմանափակել 60 օրով, մեկ ամսով երկարացնելու հնարավորությամբ: