5 սեպտեմբերի 2013 - 12:15 AMT
ԱՄՆ Սենատի արտաքին գործերի կոմիտեն թույլատրել է Օբամային ռմբակոծել Սիրիան

ԱՄՆ Սենատի արտաքին գործերի կոմիտեն ընդունեց Սիրիայում ռազմական գործողությանը հավանություն տվող բանաձևը, որը դիտարկվում է որպես պատասխան Դամասկոսի արվարձանում քիմիական զենքի օգտագործմանը: Նախագահ Օբամայի նախագծին հավանություն տվեցին կոմիտեի 10 անդամներ, յոթը դեմ քվեարկեցին, և մեկը ձեռնպահ մնաց: Այժմ բանաձևի նախագիծը կդրվի Սենատի քվեարկությանը, որն, ինչպես ակնկալվում է, կհավաքվի հաջորդ շաբաթ:

Ռազմական գործողության տևողությունը սահմանափակված է 60 օրով, այն մեկ ամսով երկարացնելու հնարավորությամբ: Փաստաթուղթը արգելում է ցամաքային ռազմական գործողությունների անցկացումը: Չնայած Օբամայի համար հաջող քվեարկության արդյունքներին, Կոնգրեսի վերին պալատում քվեարկության ելքը մշուշոտ է մնում: Դրանից հետո բանաձևին պետք է հավանություն տա Ներկայացուցիչների պալատը: Դեռևս միայն 21 սենատոր է հայտարարել, որ հավանաբար կամ հաստատակամորեն կսատարի բանաձևին, հայտնում է ABC-ին:

Եվս 13-ն ասել են, որ իրենք, հավանաբար կամ հաստատակամորեն, կքվեարկեն Օբամայի նախագծին դեմ, մինչդեռ 66 սենատորների դիրքորոշումը դեռ անորոշ է:

Ավելի վաղ Ֆրանսիայում, որի կառավարությունն ակտիվորեն կողմ է հանդես գալիս Բաշար Ասադի ուժերին ռազմական հարված հասցնելու օգտին, արտահերթ բանավեճ է տեղի ունեցել Ազգային ժողովում, թեև քվեարկություն այդ հարցի վերաբերյալ չի լինելու, քանի որ ըստ ֆրանսիական օրենքների նախագահը կարող է մոբիլիզացիայի մասին հրաման արձակել առանց խորհրդարանի հավանության:

Սիրիայի նախագահ Բաշար Ասադին մեղադրում են խաղաղ քաղաքացիների դեմ հակամարտության 2,5 տարում մի քանի անգամ քիմիական զենք օգտագործելու մեջ, այդ թվում ամենախոշոր գրոհի ժամանակ՝ օգոստոսի 21-ին Դամասկոսի արվարձանում:

Ըստ ԱՄՆ տվյալների, որոնք Ասադի զորքերը համարում են պատասխանատու վերջին քիմիական գրոհի համար, այդ հարձակման հետևանքով 1400 մարդ է զոհվել, որից 426-ը՝ կանայք: Մյուս երկրներն ու կազմակերպությունները ավելի փոքր թվեր են ներկայացրել:

Սիրիայի իշխանությունները ժխտում են այդ մեղադրանքները: Ասադն ավելի վաղ հայտարարել էր, որ իր զորքերի հաջողության համատեքստում նման քայլն «անտրամաբանական» կլիներ:

Մի շարք երկրներ, առաջին հերթին Ռուսաստանը, նույնպես համամիտ չեն այն գաղափարին, որ Ասադն է քիմիական զենք օգտագործել: Անցած շաբաթ ՌԴ նախագահ Վ.Պուտինն ասաց, որ Ասադի հասցեին հնչող մեղադրանքները «աներևակայելի հիմարություն են»:

ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելը գտնում է, որ Սիրիայում գործողության անցկացումը միլիոնավոր դոլարներ կպահանջի:

Մինչդեռ պետքարտուղար Ջոն Քերին և ՊՆ ղեկավար Չակ Հեյգելը շարունակել են ապացուցել ներխուժման անհրաժեշտությունը, այս անգամ Ներկայացուցիչների պալատի կոմիտեում:

Սիրիայում ԱԳ փոխնախարար Ֆայսալ Մեկդադը հայտարարել է, որ Դամասկոսը դիմում է դաշնակիցներին, որոնք «օգնության տարբերակներ են առաջարկում»: Նա բերել է Իրանի, Ռուսաստանի, ՀԱՀ և որոշ արաբական երկրների օրինակը:

Ըստ ՄԱԿ տվյալների, մոտ 100 հազար մարդ է զոհվել և 2 մլն ստիպված հեռացել է երկրից Ասադի դեմ 2011թ. մարտին ապստամբության մեկնարկից ի վեր: