6 սեպտեմբերի 2013 - 12:35 AMT
G20 գագաթաժողովի անցկացման համար Ռուսաստանը 2 միլիարդ ռուբլի է ծախսել

ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար, G20 գագաթաժողովի կազմկոմիտեի նախագահ Սերգեյ Իվանովը հայտնել է, որ G20-ում նախագահության մեկ տարում Ռուսաստանը բոլոր պաշտոնական հանդիպումների ու միջոցառումների վրա ծախսել է 6,5 մլրդ ռուբլի, որից 2 մլրդ ռուբլին՝ մոտ 6 մլն դոլար, Սանկտ Պետերբուրգում ընթացող G20 գագաթաժողովի վրա:

«Ռուսաստանը շատ խնայողաբար է մոտեցել այդ հարցին, քանի որ մենք օգտագործում ենք գագաթաժողովի համար այն նույն օբյեկտները, որոնք կառուցվել կամ վերանորոգվել էին Սանկտ Պետերբուրգում «մեծ ութնյակի» գագաթաժողովի համար 2006թ.: Ամենամեծ ծախսերը պահանջում են անվտանգության միջոցները, սակայն անվտանգությունը նման միջոցառումների պարտադիր բաղադրիչն է, և յուրաքանչյուր երկիր պարտավոր է ապահվել անվտանգությունը»,-ասել է Դմիտրի Պեսկովը: G20-ի գագաթաժողովի առաջին օրվա ծրագիրը ավարտվեց հիասքանչ երաժշտաջրային շոուով Սանկտ Պետերբուրգի արվարձանում: Ներկայացման համար բեմ էր ծառայում Պետերգոֆի Մեծ Պալատն ու շատրվանների կասկադը: Ծրագրի կազմակերպիչները ջանացել էին ապշեցնել հյուրերին տարբեր վիզուալ էֆեկտների միջոցով. Պետրոս Առաջինի ժամանակների «կատարկներից» մինչև գերժամանակակից 3D-մոդելավորում: Մեծ կասկադի աստիճաններին G20-ի գագաթաժողովի հյուրերին դիմավորում էին Պետրոս Առաջինի դարաշրջանի հանդերձանքով դերասանները: Ներկայացումն ավարտվեց ֆանտաստիկ լազերային շոուով և հրավառությամբ, որից հետո հայտնի «Սամսոն» շատրվանը սկսեց գործել:

G20-ի մշտական անդամի կարգավիճակ ունի 19 երկիր և Եվրամիությունը: Ռուսաստանից բացի G20-ի կազմում են Արգենտինան, Ավստրալիան, Բրազիլիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Իտալիան, Կանադան, Չինաստանը, Մեքսիկան, Սաուդյան Արաբիան, ԱՄՆ-ն, Թուրքիան, Ֆրանսիան, ՀԱՀ, Հարավային Կորեան և Ճապոնիան:

Ավանդաբար G20-ի առաջնորդների գագաթաժողովներին մասնակցում են նրա մշտական անդամները, հինգ հրավիրված երկրների ու միջազգային կազմակերպությունների հիմնական անդամները: Եվրամիությունը ներկայացնում էին Եվրահանձնաժողովի նախագահն ու ԵԽ նախագահը: